Կանադացի գիտնական Ջեֆրի Հինթոնը, որն ստեղծել է արհեստական ինտելեկտի ծրագրերի հիմքում ընկած նեյրոնային ցանցը, հեռացել է Google-ից, որպեսզի կարողանա բացահայտ խոսել տեխնոլոգիայի հնարավոր ռիսկերի մասին: Այս մասին հայտնել է New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ գիտնականն ասել է, որ մասամբ զղջում է իր գյուտի համար, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ դրա ստեղծումն անխուսափելի էր։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա մասնագետները մտավախություն ունեն, որ արհեստական ինտելեկտը աշխատանքից կարող է զրկել մի շարք ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև տարածել կեղծ տեղեկություններ: Դա, իհարկե, չի խանգարել, որ նրանք նաև կարևորեն արհեստական ինտելեկտի համակարգերի անհրաժեշտությունը շատ ոլորտներում՝ սկսած բժշկական հետազոտություններից մինչև կրթություն՝ առաջընթաց ապահովելու համար:
Ավելի վաղ արհեստական ինտելեկտի դեմ էր արտահայտվել ամերիկացի գործարար Իլոն Մասկը: Նա հայտարարել է, որ այդ տեխնոլոգիայի զարգացումը սպառնում է կործանել մարդկությունը։ Մասկն ասել է, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի վտանգավոր լինել, քան վատ նախագծված կամ կառուցված ինքնաթիռներն ու մեքենաները, քանի որ այն «քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ ունի»: Գործարարը նաև այն մտավախությունն ունի, որ տեխնոլոգիայի զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ արհեստական ինտելեկտը որոշումներ կկայացնի մարդկանց փոխարեն, որոնք չեն կարողանա այն անջատել: