Պայմանավորվածություն կա նախնական, այդ պայմանավորվածությամբ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Մի քանի հանդիպում տեղի է ունենալու՝ կախված բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի բանակցություններից»,- ասաց նա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ բանակցություններն անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին: «Արվելու է ամեն ինչ՝ չլուծված բոլոր հարցերով համաձայնության հասնելու համար. հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»,- ասաց Եղոյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ:
«Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների ընթացքում տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: «Եթե չլինեն այդ տեսանելի մեխանիզմները, կունենանք այն խնդիրները, որ ունենք Երևան-Բաքու խոսակցության մեջ»,- նշեց Արման Եղոյանը:
Խոսելով պայմանագրի կատարումն ապահովող երաշխիքների մասին՝ նա ասաց հետևյալը. «Արդեն այն, որ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնում, ենթադրում է երաշխիքների որոշակի համակարգ, ինչպես նաև, եթե տեղի ունենային Մոսկվայում: Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի՝ որևէ պայմանագիր չի կարող գործել»:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա դա, ըստ Եղոյանի, ընդհանրապես չի կարող քննարկվել: «ՀՀ-ը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն. նման էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»,- ասաց Արման Եղոյանը:
Նա նշեց, որ այդ պահանջը քաղաքական մակարդակով է միայն ձևակերպվել: «Որևէ նման պահանջ ՀՀ-ին իրավական առումով ձևակերպած, փաստաթղթավորված չի ներկայացրել, որովհետև միջազգային հանրությունից էլ ոչ ոք չի ընկալի դա որպես լեգիտիմ պահանջ»,- վստահեցրեց պատգամավորը: