ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի ճապազրույցի ժամանակ լրագրողին հետաքրքրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Բլինքենի հանդիպումից Վաշինգտոնն ինչ սպասելիքներ ունի, ինչպիսի իրադարձություններ են սպասվում ապագայում:
Պատելը մեկ անգամ ևս նշել է, որ ԱՄՆ-ը ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ աջակցելու այս շաբաթ ընթացող բանակցություններին, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի համար:
«Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք հավատում ենք, որ հնարավոր է կայունություն և խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում»,- ասել է Պատելը և հավելել, որ Լաչինի միջանցքով մարդկանց երթևեկության և առևտրի ազատ հոսքի անհրաժեշտության մասին քննարկումները շարունակվում են: