Երևանի Արշակունյաց 192 հասցեում կառուցվող շենքը 12 հարկանի պիտի լիներ՝ համաձայն նախագծի, բայց արդեն 14 հարկ ունի: Երկուսը պիտի ապամոնտաժել: Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը ավարտական ակտ չի տրամադրի, ինչը կնշանակի, որ շենքը շահագործվել չի կարող:
Որ կառույցը հաստատված նախագծից էական շեղումներով է, հայտնաբերվել է նախորդ շաբաթ: Ուշագրավ է, որ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը այս և մյուս կառուցապատողներին ծանուցել - հիշեցրել է նախագծային շեղումների անթույլատրելիության մասին: Ավելորդ հարկերը կառուցվել են դրանից հետո:
Յակով Ասատրյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ) - Վարչարարությունը իրականացվել է, կառուցապատողը կտուգանվի:
Շինարարության ընթացքում սա «Օրիենթ Սթոն» ընկերության առաջին նախագծային խախտումն է, հետևաբար տուգանքը կլինի 500 հազարից 1 մլն դրամ:
Եթե կառուցապատողն ուզում էր ավելացնել շենքի հարկայնությունը, պետք է դիմեր նախագիծը վերահամաձայնեցնելու համար: Նա դա արել է, բայց լրացուցիչ հարկերն ավելացնելուց հետո: Ու եթե արդեն իսկ հաստատված նախագծից չշեղվելու դեպքում հավելյալ հարկերի թույլտվություն ստանալու հավանականություն կար, հիմա արդեն դա հնարավոր չի լինի:
Յակով Ասատրյան - Կառուցապատողը պետք է իր միջոցներով ապամոնտաժի, քանդի տվյալ վերնահարկերը, հակառակ դեպքում ուղղակի ավարտական փուլին հասնելուն պես սահմանված կարգով չեն կարողանա ներկայացնել ավարտական փաստաթղթերը, և տվյալ շինությունը ավարտական ակտ և շահագործման թույլտվություն, բնականաբար, չի ստանա:
Քանդման աշխատանքները ևս պետք է իրականացվեն համայնքի թույլտվության հիման վրա՝ սահմանված ընթացակարգով ու քաղաքաշինական նորմերին համապատասխան: Բայց ինքնակամ հարկերն ապամոնտաժելու պահանջ կառուցապատողին չի ներկայացվել: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը պարզաբանում է, թե ինչու:
Յակով Ասատրյան - Քաղաքացին կստանա վերահամաձայնեցման մասով բացասական եզրակացություն, կնշվի՝ ինչ հիմքով է մերժվում, քանի որ այս պահի դրությամբ արդեն աշխատանքներն իրականացված են, մնացածը ,այսպես ասած, տրամաբանության մեջ է մնում, որովհետև չստանալով երկու հարկը` աշխատանքների ավարտը փաստագրելու հնարավորություն չեն ունենալու, միակ տարբերակը քանդումն է լինելու Հնարավոր է՝ շինությունը ուղղակի մնա, չքանդեն, բայց ոչ էլ շահագործեն, որը կարծում եմ ոչ մի կառուցապատողի, առնվազն բիզնես տեսանկյունից, ձեռնտու չի լինելու:
Իսկ չթույլատրված երկու հարկը քանդելը կարո՞ղ է վնասել շենքի սեյսմակայունությանը:
Յակով Ասատրյան - Եթե համայնքը տրամադրի այդ քանդման թույլտվությունը, վստահ եմ, որ ճիշտ աշխատանքների դեպքում դա չի ազդի մյուս 12 հարկերի վրա, ընդհանուր շենքի սեյսմակայունության վրա:
Կառուցապատող ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հրապարակված հեռախոսահամարով նախ լսեցին հետաքրքրող թեման, ասացին՝ հետ կզանգահարեն, հետո արդեն զանգին չպատասխանեցին:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի խոսքով` Երևանում այս պահին կառուցվում է 864 բազմաբնակարան շենք: Մարտից սկսած` վերահսկողություն է իրականցվել մոտ 300-ում: Քաղաքապետարանը թույլատրվածից ավելի հարկեր ունեցող այլ շենքեր չի հայտնաբերել: Այցեր կլինեն մյուս շինհրապարակներ էլ, ընդ որում՝ նաև կրկնակի:
Հեղինակ` Աննա Զախարյան