Ազգային ժողովի՝ ապրիլի 2-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 55 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, որոնք ոլորտում մի քանի խնդիր են լուծելու:
Խոսքն ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին է, ոլորտում միասնական քաղաքականության իրացման հենք ապահովելը, մասնավորապես, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմավորումն է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍՆ-ի բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա:
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ, իր հերթին, պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագրերի հետ։ Եվ, կարծում ենք, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը այսպիսով հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նախագծով լուծվող խնդիրներից մեկը վերաբերում է գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:
Բարեփոխումներն առնչվելու են նաև ոլորտում թվայնացման գործընթացին, ինչպես նաև նախատեսվում է փոխել Ակադեմիայի կանոնադրությունը և սահմանել ղեկավար կազմի տարիքային շեմ: