Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, և արդյոք հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունները, հարաբերությունները փոխկապակցվա՞ծ են:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Գեղամ Մանուկյանի հարցին հարցով արձագանքեց՝ եթե բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, ոչ թե Վաշինգտոնում, նորից նույն հարցը կհնչե՞ր՝ հիշեցնելով, որ Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ 5-6 երկրների պատվիրակությունների հետ է հանդիպում Հայաստանում և Հայաստանից դուրս:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս արձագանքեց՝ նշելով. «ԱԺ փոխնախագահը, այո՛, գնացել և մասնակցում է էդ բանակցություններին, և ես էստեղ չեմ տեսնում, թե որն է խնդիրը: Սա խորհրդարանական հանրապետություն է, և խորհրդարանական հանրապետությունում կա ԱԺ փոխնախագահ, որը մասնակցում է այդ բանակցություններին: Խնդիրը ո՞րն է»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր հերթին հիշեցրեց. «Վաղը չէ, մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում, և էդ պատվիրակության անդամ եք նաև Դուք: Հիմա ասում եք՝ Ռուբեն Ռուբինյանը ինչո՞ւ է գնում, ես էլ հարցնում եմ՝ բա Դուք ինչո՞ւ չեք գալիս: Գայիք, շատ լավ ամբիոն էր, Ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, օգնեիք»: