Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է որոշի՝ Հունգարիան ճի՞շտ է գործում որպես ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ ոչ:
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին ոչ ադեկվատ է համարում Հունգարիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը։ Բարեբախտաբար, դա նրա որոշելու հարցը չէ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սիյարտոն:
Նա կրկին հայտարարել է, որ հունգարացի ժողովուրդը «արդեն չափազանց բարձր գին է վճարել» այս հակամարտության համար, և շատ հունգարացիներ՝ Անդրկարպատյան հունգարական համայնքի անդամներ, զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում:
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարն Ուկրաինայի նախագահին հասկացրել է, որ եթե նա շնորհակալություն հայտնի հունգարացիներին այն բանի համար, որ ընդունել են Ուկրաինայից ավելի քան մեկ միլիոն փախստականի և նրանց մշտական օգնություն են ցույց տվել, ապա կարող է ապագայում էլ հույս դնել Հունգարիայի վրա:
Ապրիլի 29-ին Զելենսկին սկանդինավյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում Բուդապեշտին մեղադրել էր «ոչ ադեկվատ պահվածքի» համար, քանի որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Հունգարիան, ըստ նրա, ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի կողմն է։