Ուզբեկստանի սահմանադրության նոր օրինագծին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90,21 տոկոսը` 15040056 քաղաքացի, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով՝ մասնակցությունը գերազանցել է 84 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն։
Ուզբեկստանում հանրաքվեն անցկացվել է ապրիլի 30-ին, ԿԸՀ-ն այն ճանաչել է կայացած։ Երկրի սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես, նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգում հինգից յոթ տարի, մահապատժի և երկրի քաղաքացուն օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքներ։ Սահմանադրության նոր տարբերակը չեղյալ է հայտարարում նախագահ Շավքաթ Միրզիյոևի առաջին երկու մանդատները և թույլ տալիս, որ նա երրորդ անգամ անընդմեջ ընտրվի այդ պաշտոնում։ Արդյունքում՝ Ուզբեկստանի ներկա ղեկավարը հանրապետությունը կնախագահի 17 տարի՝ մինչև 2040 թվականը:
Նոր Սահմանադրությամբ Ուզբեկստանը հռչակվում է «սոցիալական, իրավական և աշխարհիկ» պետություն։ «Радио Озодлик»-ը նշում է, որ նախկինում երկրի հիմնական օրենքում նման հասկացություններ չեն եղել։