Ավելի քան 20 միլիոն դոլարի ներդրում, 4 արտադրամաս, 800 աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով. ծննդավայրում տավուշցի մոսկվաբնակ գործարար Սուրեն Երիցյանի սկսած ձեռնոցի արտադրության խոշոր ծրագիրն ակտիվացրել է մարզի տնտեսությունը: Սահմանին բիզնես սկսելիս սահմանել էր որոշակի թիրախներ, որոնք, ըստ գործարարի, հաջողությամբ իրականացվել են: Դրսի շուկայում արդեն հայտնի Տավուշի բրենդն արտադրվում է Չորաթանում, Արծվաբերդում, Բերդում ու Պառավաքարում:
Սուրեն Երիցյան («Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր տնօրեն) - «Տավուշ տեքստիլում» մենք արդեն ունենք ոչ միայն գյուղացիներ, այլև բարձր մասնագիտությամբ աշխատողներ. դա է մեր ամենամեծ հաջողությունը, որ մենք այսօր ունենք: Կարիք չունենք դրսից մասնագետներ բերելու, սովորեցնելու, գործը պետք է շարունակենք:
Երիցյանը կարևորում է ներմուծման մաքսատուրքից ընկերությանն ազատելու՝ կառավարության ապրիլի 6-ի որոշումը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.7 միլիարդ դրամի կապիտալ ներդրում և 20 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Կստեղծվի 361 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ «Տավուշ տեքստիլի» հիմնադրի խոսքով՝ պետության աջակցությունը հնարավորություն կտա հեռավոր բնակավայրերում շարունակել բիզնեսը, պահպանել աշխատատեղերն ու նախանշել նոր ծրագրեր:
Սուրեն Երիցյան - Մինիմում 3-4 տարի անպայման ծրագրով ամբողջ կոլեկտիվը կպահենք, կունենանք շահույթ, որ կբերի նրան, որ տեխնիկապես ավելի կզարգացնենք, ավելի բարձր տեխնոլոգիական ապրանք կարտադրենք: Ծրագիրն արդեն կա, սկսվելու է Պառավաքարի գործարանից: Բերելու ենք նոր մեքենաներ, նոր հոսքագծեր: Կառավարությունը ձեռք մեկնեց, մենք 3 տարում արտադրության մեջ էդ պերեվարոտը կանենք, մեր ուժերը կհերիքեն:
Առաջին եռամսյակում ընկերությունն արտադրել է 22 միլիոն զույգ ձեռնոց, ունեցել 2 միլիարդ դրամի արտահանում: Հիմնական շուկան Ռուսաստանն է, այս պահին դժվարություններ կան՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Այն ազդում է մրցակցության վրա:
Միքայել Եզեկյան («Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն) - Փորձում ենք նորարարություններ, նոր արտադրատեսակներ մտցնել, որ դիմակայենք մրցակցությանը: Շուկայում մրցակցությունը մեծ ջանքեր է պահանջում, մեծ աշխատանք: Չինաստանից նոր հաստոցներ ենք սպասում ձեռնոցի արտադրության:
Տաթևիկ Խաչատրյան («Տավուշ տեքստիլ» ընկերության աշխատակից) - Մեզ համար կարևոր է, կայուն աշխատանք ա, նորմալ վարձատրություն ունենք:
Նոր սարքավորումներն ու հումքը ճանապարհին են. ապրիլի վերջին ընկերությունն արդեն կունենա տեխնոլոգիական նոր հնարավորություններ:
Սուրեն Երիցյան - Սովետական Միության տարածքում եղել են արտոնված հումք վաճառողներ, մենք չենք կարողացել ուղիղ կապ ունենալ խոշոր միջազգային բարձր տեխնոլոգիական հումք արտադրող ընկերությունների հետ, այժմ էդ ճանապարհը բացվել ա: Կարծում եմ՝ մեծ ապագա ունեցող գործ է, շահութաբերություն, աշխատավարձը կբարձրանա, դա կտևի 2-3 տարի:
Արտադրության մեկնարկից տավուշցիների ձեռքով կարվել է մոտ 437 միլիոն զույգ բանվորական ձեռնոց, իրացվել մոտ 410 միլիոնը: Նոր սարքով ու հումքով արտադրած ձեռնոցները կհանեն նաև եվրոպական շուկա: Նոր հոսքագծերը կգործարկվեն մոտ 1 տարուց: