ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսային ճեպազրույցի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:
Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական: