Մաքսային համակարգը համալրվում է նոր որակի ծառայողներով։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դասընթացներ է կազմակերպում դիմորդների համար:
Գործընթացը մեկնարկել է նախորդ տարի: Այս տարի կմեկնարկի երկրորդ փուլը: Դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի, պետք է 18 տարին լրացած լինի, տիրապետի հայերենին, ունենա բարձրագույն կրթություն: Դիմումների վերջնաժամկետը մայիսի 5-ն է:
«Ոչ թե կոնկրետ մեկ մաքսատան մասին է խոսքը, այլ բոլոր մաքսատներում նույն պրոցեսով նախատեսում ենք համալրել հաստիքները՝ վերապատրաստելով ինչպես գործող անձնակազմին, այնպես էլ ներգրավելով մաքսային գործի հետ ընդհանրապես առնչություն չունեցող, բայց հետաքրքրություն ունեցող անձանց»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Ըստ պաշտոնյայի՝ նախորդ տարի աշխատանքի էր ընդունվել 140 դիմորդ: Վերջիններիս թվում եղել են նաև գործող մաքսային ծառայողներ, բայց 60%-ը մաքսային ծառայության հետ կապ չունեցող անձինք են եղել:
ՊԵԿ նախագահի տեղակալը նաև նշեց, որ նախորդ տարի քաղաքացիների հետաքրքրությունը մեծ է եղել: 120 տեղի համար դիմել էր 2000 դիմորդ: Այս տարի հետաքրքրությունը նվազել է. դիմորդները 450-ն են, մինչդեռ ընդհանուր առմամբ կա համալրման կամ վերափոխման ենթակա 800 հաստիք: