Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆէսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ:
Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրերը՝ ջազային երաժշտարվեստում մեծ համբավ ու հռչակ ունեցող երաժիշտներ Էրիկ Տրյուֆազը, Դաֆեր Յուսեֆը, «Պիանոֆորտե» երաժշտախումբը: