Այն, որ Երևանը հենաշարժական խնդիրներ ունեցողների համար ամենահարմար քաղաքը չէ, ընդունում են նաև ոլորտի պատասխանատուները: Եթե նախկինում պատճառաբանում էին, որ խորհրդային տարիների շինություններն անհնար է փոփոխել, ավելի հարմարավետ դարձնել, հիմա նոր մոտեցում է մշակվում:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Այսօր դրանից զատ մենք առաջ ենք քաշելու տեխնիկական նոր լուծումները՝ վերելակների, էսկալատորների հարցը:
Վերջին տարիներին այս ուղղությամբ աշխատանքներ արվել են, բայց ընդհանուր պատկերը գործող քաղաքային իշխանությանը չի բավարարում: Այստեղ ևս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համապատասխան նորմերը չեն պահպանվել: Խորեն Գրիգորյանի համոզմամբ՝ գույքագրման վերջնական ավարտից հետո միայն կլինի հստակ պատկերը, թե քանի հատ, ինչ բաշխվածության ու ինչ լուծումներով են լինելու նոր թեքահարթակները. նորմերից շեղումը բացառելու են: Նախնական 50 մլն դրամ է հատկացվել ծրագրի իրականացման համար:
Խորեն Գրիգորյան - Կամ Երևանը հարմար է բոլորին, կամ էդ ծրագիրը չի իրականացվելու, չի լինելու մի վիճակ, որ մի թիրախային խումբ անհարմարության մեջ լինի: Շինարարները ինչ-որ թեքահարթակներ էին կառուցում, որտեղով նույնիսկ եթե մարդը հենաշարժականության խնդիր չունենար իջնելիս, կունենար, բոլոր օբյեկտները, որտեղ չեն համապատասխանում թեքահարթակները, նման օբյեկտները չեն ունենալու ավարտական ակտ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում սահմանվում է՝ համահավասարության սկզբունքով պայմաններ ստեղծել և համընդհանուր հասանելիություն ապահովել: Հաշմանդամություն ունեցողները խնդիրների առաջ են հայտնվում տնից դուրս գալուց անմիջապես հետո: Քաղաքապետարանից վստահեցնում են՝ շենքից դուրս՝ փողոցներում ու մայթերում, այս ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է, մուտքերում թեքահարթակների կառուցումն էլ սարերի հետևում չէ: Շինբարեկարգման վարչության պետը նախընտրելի մայթերի թեքահարթակների մոդելն է ցույց տալիս, վստահեցնում՝ այսուհետև չի կառուցվելու գոնե մեկ թեքահարթակ, որը զուտ ձևի համար լինի:
Խորեն Գրիգորյան - Հիմա կանգնած ենք դասական թեքահարթակի առաջ, որտեղ թե 8-10 աստիճան թեքությունն է ապահովված: Քաղաքացիները բարձրաձայնում էին հարց, որ սահողականության խնդիր է առաջանալու, նայեք՝ էստեղ չմշակված բազալտի պարագայում խնդիրը վերանում է, ու նաև ռետինե գծեր են լինում, որը ևս խնդիրը լուծում է:
Թեքահարթակների խնդիրը սուր է հատկապես գետնանցումներում: Վերջերս վերակառուցված Փակ շուկայի հարակից գետնանցումն էլ լայն քննարկման առիթ դարձավ: Ինչպես է հնարավոր, որ 21-րդ դարում գետնանցում է վերակառուցվել, ու անտեսվել է հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց հարցը: Խորեն Գրիգորյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի, արդեն 9 ստորգետնյա կառույցների համար վերելակ ամբարձիչների մրցույթ է հայտարարվել: Յուրաքանչյուր գետնանցումում կլինի նմանատիպ 2 վերելակ: Մայրաքաղաքի մեծ շարժ ունեցող 3 վերգետնյա անցումների դեպքում ևս լուծումներ են մշակվում: