ՄԵՔՍԻԿԱ
ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԽՈՀԱՐԱՐԸ ՄԵՔՍԻԿԱՑԻ Է
Խոհարար Ելենա Ռեյգադասի հաջողության հիմնական գաղտնիքը նրա մեքսիկական արմատներն են: Այդ մասին 46-ամյա Ելենան անձամբ է հայտարարել 2023 թվականի աշխարհի լավագույն կին խոհարարի տիտղոսին արժանանալուց հետո:
Այն նրան շնորհել է «Աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկը» անվամբ կազմակերպությունը:
Ելենա Ռեյգադաս (Մեքսիկացի խոհարար) - Ես կցանկանայի, որ այս մրցանակը լույս սփռի Մեքսիկայի գաստրոնոմիական մեծ մշակույթի վրա: Ուշադրության է արժանի ոչ միայն մեքսիկական գաստրոնոմիական մշակույթը, այլև բաղադրիչների հսկայական տեսականին, որ մենք ունենք:
Այն ռեստորանը, որտեղ աշխատում է Ելենան, տեղացի և արտասահմանցի այցելուների պակաս երբեք չի ունենում: Խոհարարն իր մասնագիտական մկրտությունը ստացել է Լոնդոնում գործող իտալական ռեստորաններից մեկում: Ելենային հրաշալիորեն հաջողվում է համադրել խոհարարության ավանդական մեքսիկակական տարրերն այդ ասպարեզում ընդունված համընդհանուր չափանիշների հետ:
ԻՏԱԼԻԱ
ԿՈԿՈՆ ՎԱՐԴԻ՝ «ԲՈԿՈԼՈՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ» ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
Հարյուրավոր վենետիկցիներ են հավաքվել Սուրբ Մարկոսի հրապարակում՝ հսկա կոկոն վարդ ձևավորելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են կարմիր ու կանաչ անձրևանոցներ: Այս օրերին Վենետիկի բնակիչերը նշում են «Բոկոլոյի փառատոնը»:
Ավանդույթի համաձայն, Վենետիկում տղամարդիկ, որպեսզի իրենց ռոմանտիկ մտադրությունների մասին հայտնեն իրենց սիրելի կնոջը, նրան կարմիր կոկոն վարդ են նվիրում: Վենետիկում այդպիսի վարդերին «բոկոլո» են անվանում: Հենց այստեղից էլ առաջացել է փառատոնի անվանումը:
Այս ավանդույթի արմատները հասնում են վենետիկյան ազնվական Օրսոյի դստեր՝ Մարիա Պարտեչիպազիոյի և կոմպոզիտոր Տանկրեդիի լեգենդար, բայց անհաջող սիրո պատմությանը:
ՍԻՐԻԱ
ՍԻՐԻԱԿԱՆ ՕԾԱՆԵԼԻՔ ԱՐՏԱԴՐՈՂԸ ԿԵՆԴԱՆԻ Է ՊԱՀՈՒՄ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԻԶՆԵՍԸ
Ավանդական և արևմտյան բույրերը տարածվում են Դամասկոսի Համա փողոցի փոքրիկ խանութից, երբ օծանելիք արտադրող Մազեն Զաքուրն իր լավագույն արտադրանքից ցանում է անցորդների վրա՝ հաճախորդ գրավելու նպատակով:
Քառասունամյա տղամարդն օծանելիքի պատրաստման գործով է զբաղվել փոքրուց, երբ հաճախում էր հոր և պապիկի խանութը, նայում էր ու սովորում, թե ինչպես է պետք պատրաստել լավագույն արտադրանքը հատուկ բաղադրատոմսերով՝ յուղի, թորած ջրի և ալկոհոլի օգտագործմամբ:
Սիրիական հակամարտությունը, սակայն, բացասական մեծ ազդեցություն էր թողել նաև Զաքուրների արհեստի վրա: Հատուկ յուղեր ներկրելն անչափ թանկարժեք հաճույք էր դարձել, իսկ տեղում դրանք ստանալն ավելի բարդ էր:
Սիրիայում վերջին երկու տարվա տնտեսական դժվար իրավիճակը Մազենին վերջնականապես ստիպել է զբաղվել օծանելիքի յուղերի պատրաստման համար նախատեսված սեփական մեքենայի ստեղծման գործով:
Մազեն Զաքուր (Օծանելիք արտադրող) - Այս սարքը սիրիական արտադրության է: Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուղի կորուստ չունենանք: Մեր երկրում ոչ ոք ոչ մի նոր բան չի ստեղծում, բոլորը կրկնում են արդեն գոյություն ունեցող բաղադրատոմսերը: Իսկ մենք ցանկանում ենք մրցակցել միջազգային ընկերությունների հետ, դուրս գալ արտաքին շուկա: Ահա թե ինչու ենք պատրաստել մեր այս սարքը:
Մազեն Զաքուրն իր խանութում հաճախորդների պակաս չունի: Նրանք համոզված են, որ սիրիական արտադրության այս օծանելիքները թե՛ բարձրորակ են, և թե՛ հասանելի իրենց գրպանին:
ԻՍՊԱՆԻԱ
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍԵՎԻԼԻԱՅԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
Այս տեսարանը շատ հեռու է իրական լինելուց. այստեղ, ասես, ինչ-որ հայտնի ֆիլմի նկարահանումներ լինեն. սնդուսափայլ, ֆլամենկո, ձիաքարշ կառքեր: Իրականում, սակայն, այս մարդիկ մասնակցում են Սևիլիայի Feria de Abril կոչվող գարնանային տոնավաճառին:
Անտեսելով Իսպանիայում այժմ տիրող շոգ եղանակը, մարդիկ կրում են բավականին հմայիչ, սակայն անչափ ծանր ֆլամենկո ոճի ավանդական հագուստներ ու դուրս գալիս փողոց: Ոմանք քայլում են, մյուսները՝ կառքով շրջում:
Feria de Abril-ն Իսպանիայի ամենահայտնի փառատոներից մեկն է, որը թվագրվում է 19-րդ դարով, երբ դեռ անասնաբուծական տոնավաճառ էր համարվում: Այնուհետև այն վերածվեց ամենամյա սոցիալական հավաքի, որտեղ անդալուզյան ավանդույթն իր գագաթնակետին է հասնում:
Օրվա ընթացքում տոնավաճառի մասնակիցներն իրենց են ցուցադրում, մյուսներին են նայում, իսկ երեկոները նշանավորվում են երգ ու պարով ուղեկցվող խնջույքներով: Ամեն տարի տոնավաճառը սկսվում է Զատիկից երկու շաբաթ անց և տևում է մեկ շաբաթ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՈՒԵԼՍԻ ՆՈՐ ԽԱՉԸ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ՉԱՐԼԶ ԵՐՐՈՐԴԻ ԹԱԳԱԴՐՄԱՆ ԵՐԹԸ
Արդեն հայտնի է դարձել, որ մայիսի 6-ին կայանալիք Չարլզ 3-րդ թագադրման երթը Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կառաջնորդի Ուելսի խաչը:
Նոր խաչը, որը պատրաստված է վերամշակված արծաթից, ուելսյան թերթաքարից և վերամշակված փայտից, թագավորի նվերն էր Ուելսի եկեղեցուն, երբ 2020 թվականին այն նշում էր իր հարյուրամյակը: Ասում են, որ այս խաչի վրա կան կտորներ այն Ճշմարիտ խաչից, որի վրա խաչել են Հիսուս Քրիստոսին: Դրանք Հռոմի պապի նվերն են եղել: Խաչի վրա այդ մասունքները թաքնված են վարդագույն բյուրեղյա թանկարժեք քարի հետևում:
Խաչի վրա ուելսերենով փորագրված է. «Ուրախ եղեք, պահպանեք հավատը, փոքր բաներ արեք»:
Թագադրումից հետո խաչը կօգտագործեն Ուելսի անգլիկան և հռոմեական կաթոլիկ եկեղեցիները:
Չարլզը սերտ կապեր ունի Ուելսի հետ: Որպես բրիտանական գահի ժառանգորդ՝ նա կրում էր Ուելսի արքայազնի հնագույն տիտղոսը, նախքան անցած տարվա սեպտեմբերին մոր՝ Եղիսաբեթ երկրորդի մահվանից հետո թագավոր դառնալը: Այժմ Ուելսի արքայազնը նրա ավագ որդին և ժառանգորդ Ուիլյամն է։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՉԱՐԼԶ ԱՐՔԱՅԻ ԹԱԳԱԴՐՄԱՆ ԽԱՂԱԼԻՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՎԻՆՁՈՐՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Չարլզ III արքայի գալիք թագադրումը նշելու համար Legoland Windsor Resort-ը ստեղծել է երկու նոր տեսարան, որտեղ պատկերված են միապետի և թագուհի Կոնսորտ Կամիլայի լեգո տարբերակները:
Հյուրերը կկարողանան տեսնել արքայական ընտանիքի անդամների մինի մոդելները Բուքինգհեմյան պալատի պատշգամբում և դարպասներից դուրս կանգնած հարյուրավոր մինի երկրպագուների:
Պաուլա Լաֆթոն (Մեծ Բրիտանիայի Legoland-ի գլխավոր մոդելավորող) - Մենք թագադրման բոլոր մանրամասները դեռ չգիտենք, ուստի զարկ ենք տվել մեր երևակայությանը և, ինչ-որ իմաստով, ստեղծել ենք, թագադրման մեր մինի տարբերակը: Նախատեսում ենք հենց թագադրման օրը որոշ ավելացնումներ անել արդեն իրական արարողության տեսարանից:
Ստեղծել են նաև այն համերգի տեսարանը, որը նախատեսում են անցկացնել թագադրման հաջորդ օրը՝ մայիսի 7-ին: Ակնկալվում է, որ այդ համերգին ներկա կլինեն այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լայնել Ռիչին ու Քեթի Փերին:
Միայն համերգային տեսարանի պատրաստման համար լեգոյի ավելի քան 25-30 հազար խորանարդիկ են օգտագործել: Կարելի է տեսնել նաև արքայազն Ուիլիամի, Քեյթի և նրանց երեխաների լեգո տարբերակները: Ցուցադրությունը բաց կլինի մինչև այս տարվա նոյեմբեր:
ՇՈՏԼԱՆԴԻԱ
ՊԱՏՄԱԿԱՆ ՍԿՈՒՆՅԱՆ ՔԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԼՈՆԴՈՆ՝ ՉԱՐԼԶԻ ԹԱԳԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Պատմական Սկունյան քարը՝ հնագույն թագադրման քարը, որի վրա դարեր շարունակ թագադրվել են Շոտլանդիայի և Անգլիայի միապետները, Շոտլանդիայից տեղափոխվել է Լոնդոն՝ հաջորդ շաբաթ կայանալիք Չարլզ 3-րդի թագադրմանն ընդառաջ:
Այս մասունքը հայտնի է նաև որպես «Ճակատագրի քար» և համարվում է Շոտլանդիայի միապետության և ազգային պատկանելության սուրբ, պատմական խորհրդանիշ: Վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է իր մշտական վայրից՝ Էդինբուրգի ամրոցից դուրս բերվում:
Սկունյան քարի դուրս բերման հանդիսավոր երթին մասնակցել է Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը, որը համարվում է Շոտլանդիայի Մեծ կնիքի պահապան:
Քարի ծագումն անհայտ է, բայց ենթադրվում էր, որ այն օգտագործվել է Շոտլանդիայի թագավորների երդմնակալության ժամանակ դեռևս 9-րդ դարի սկզբին: Ավանդություններից մեկի համաձայն այդ քարը որպես բարձ է օգտագործել Աստվածաշնչյան նահապետներից Հակոբը:
Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը 1296 թվականին շոտլանդացիներից խլել է քարը, և այն կցվել է թագադրման գահին, որը նա պատվիրել էր 1308 թվականին Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայության համար: 1399 թվականից ի վեր, այսինքն՝ Հենրի 4-րդից սկսած, այդ գահն օգտագործվել է անգլիական և բրիտանական միապետների թագադրման արարողությունների ժամանակ: Միացյալ Թագավորության կառավարության որոշման համաձայն՝ քարը Շոտլանդիային է վերադարձվել 1996 թ., պայմանով, որ յուրաքանչյուր հաջորդ միապետի թագադրման համար այն կբերվի Վեսթմինսթերյան աբբայություն: