Մարմարե այս շինությունը Էջմիածնի միակ ու վաղուց չգործող «Գարուն» կինոթատրոնի շենքն է։ Կառուցվել է 1978 թվականին՝ Սարգիս Գյուրզադյանի և Միքայել Ալեքսանյանի ինքնատիպ լուծումներով։ 20 տարի անց շենքը օտարվել և ձեռքից ձեռք է անցել։ Իրար հաջորդող սեփականատերերից որևէ մեկը չի փորձել կինոյի շենքը փրկել քայքայումից, ինչի հետևանքով այն 3-րդ աստիճանի վթարայնություն է ձեռք բերել․ նույնիսկ տանիքին են ծառեր աճել։ Վերջերս նոր սեփականատեր է հայտնվել և կառուցապատման էսքիզային նախագիծ ներկայացրել։ Ըստ նախագծի՝ կինոթատրոնի ճակատային մասը պահպանվելու է, որին կից կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի տուն։ Էջմիածնեցիները տարակարծիք են։
Մարիետա Արզումանյան (Էջմիածնի բնակիչ) - Թող միայն կինոյի շենք լինի, որ զբաղվելու տեղ ունենանք, ինչի՞ էս քաղաքում մի կինոյի տուն չունենանք։
Լաուրա Հակոբյան (Էջմիածնի բնակիչ) - Ցանկացած ժամանակակից կառույց ինձ հետաքրքրում է։
Ըստ նախագծի՝ կառուցվելու է 50-ական նստատեղով երկու կինոդահլիճ, իսկ կինոյի շենքին կից վեր է խոյանալու ժամանակակից լուծումներով բազմահարկ շենքը։ Կինոթատրոնի նախագծողներից Սարգիս Գյուրզադյանի թոռնուհին տարօրինակ է համարում մշակութային կառույցի և բնակելի տան համադրությունը։
Մարիամ Գյուրզադյան (Սարգիս Գյուրզադյանի թոռնուհին) - Ինչու պետք է նման շենքերի վրա անել այդ էքսպերիմենտը։ Դա եղել է կինոյի և մշակույթի շենք, ինչ է՝ Էջմիածինը կարիք չունի՞ կինոյի։ Ես հասկանում եմ, որ վերանորոգելը շատ ավելի թանկ է նստելու, բայց եթե ամեն ինչը վերածում ենք զուտ փողի, կորցնում ենք շատ կարևոր բան՝ պատմություն։
Շենքը 10 հարկ և մոտ 36 մետր բարձրություն է ունենալու։ Կից գործելու են ժամանցի հասարակական տարածքներ, մանկական հրապարակներ ու կայանատեղիներ։ Ճարտարապետների պալատի անդամ Անահիտ Թարխանյանը անընդունելի է համարում հոգևոր կենտրոնում Մայրավանքից բարձր շենք կառուցելու փորձը։
Անահիտ Թարխանյան (ճարտարապետ) - Չի կարելի Էջմիածնում կառուցել շենք, որը բարձր է Մայր Աթոռից։ Մայրավանքի բարձրությունը չի գերազանցում 27 մետրը, և այդտեղ ավելի բարձր շենք կառուցել չի կարելի։ Առնվազն պետք է 20 մետր լինի:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Ես էլ եմ մանկուց լսել, որ շենքերը պետք է եկեղեցու գմբեթից բարձր չլինեն, բայց նման կարգավորում չկա։
Կառուցապատողներն անկեղծանում են՝ բիզնեսի տեսանկյունից կինոթատրոնը պահպանելը ֆինանսական լուրջ բեռ է, բայց ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ դա իրենց հետ չի պահի, որ ժամանցի երբեմնի հաճելի վայրը վերակառուցեն և վերադարձնեն քաղաքին։
Վազգեն Դարբինյան (ընկերության գործադիր տնօրեն) - Ինչ մնում է մնացած նորմերին, դրանք հաջորդ քայլերն են, որոնց պետք է մասնագիտական գնահատական տրվի: Մենք դիմում ենք, թե քանի հարկ ենք ցանկանում, ըստ դրա մեզ կասեն՝ ինչքան կառուցապատել, ինչ քառակուսիով և այլն։
Կինոթատրոնը քաղաքի կենտրոնում է՝ շրջապատված բազմաթիվ շենքերով ու բազմաբնակարան տներով։ Հանրային լսումների ընթացքում բնակիչները մտահոգություն են հայտնել, որ տարածքը ևս մեկ կառույցով ծանրաբեռնելը ազատ տեղաշարժման դժվարություններ կառաջացնի։
Դիանա Գասպարյան - Նախագիծը որ ներկայացվել է, շատ գեղեցիկ է և պահպանում է շենքի տեսքը և տրամադրություն փոխանցում։ Քաղաքապետարանը պարտավոր է հանրային լսումների արդյունքները կցել դրան և ուղարկել համապատասխան մարմիններ։
Եթե նախագիծը համալիր փորձաքննությունն անցնի, և քաղաքաշինական որևէ խախտում չարձանագրվի, համայնքապետարանը չի կարող առկախված թողնել շենքի ճակատագիրը։ Դիանա Գասպարյանն ասում է՝ մեզ կարող են դատական կարգով պարտավորեցնել՝ շինարարական թույլտվություն հատկացնել։