ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Ռեջեփ Էրդողանը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական խոշոր հանրահավաք է անցկացրել: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ ակցիայի մասնակիցների ճշգրիտ թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազար մարդու մասին։ Թուրքիայի նախագահն իր կողմնակիցներին, մասնավորապես՝ երիտասարդներին կոչ է արել հնարավորինս ակտիվ լինել: Նրա խոսքով՝ ընդդիմությունը, ի տարբերություն իշխող ուժի, իր քաղաքականությունը կառուցում է անկայուն տնտեսության և թույլ ժողովրդավարության վրա: Էրդողանը խոստացել է ջախջախել ընդդիմությանը:
Նախագահը նաև հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներից մեկին, վստահություն հայտնել՝ կհաղթի ընտրություններում: Նա տեղեկացրել է, որ արդեն առողջացել է, ստամոքսի հետ կապված խնդիրներն իրեն այլևս չեն անհանգստացնում, և կշարունակի ամբողջ ծավալով մասնակցել նախընտրական քարոզարշավին:
Էրդողանը եթերում նաև հայտնել է, որ թուրքական հետախուզության գործողության արդյունքում Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու ալ-Հուսեյն ալ-Կուրեյշին։ Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի հակազդել ահաբեկչական բոլոր կազմակերպություններին:
ԷՐԴՈՂԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրում Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ է բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել։
ԶԼՄ-ները գրում են, որ դիմելով կողմնակիցներին՝ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Միասին դուրս կբերենք երկիրը այս վատ իրավիճակից: Մենք պետք է հզորանանք, զարգանանք և ցուցադրենք մեր ուժը։ Թուրքիան պետք է մրցի աշխարհի հետ»:
Նա պնդել է՝ ընտրվելու դեպքում Թուրքիայում խաղաղություն կհաստատի:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐԿԻՆ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինայի ողջ տարածքում կրկին օդային տագնապ է հայտարարվել: Երկրի հակաօդային պաշտպանության ուժերը մայիսի 1-ի գիշերը 15 թևավոր հրթիռ են ոչնչացրել։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական կողմը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ ընդհանուր առմամբ 18 հրթիռ է արձակել։
Վերջին 3 օրվա ընթացքում արդեն երկրորդ զանգվածային հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկում տուժել է 25 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Տեղական իշխանությունների տվյալով՝ Պավլոգրադում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություն, բարձրահարկ շենքեր, կրթական հաստատություններ և խանութներ:
ԿԻԵՎԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿՍԿՍԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ. ՊՐԻԳՈԺԻՆ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը դիմել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, զգուշացրել՝ զինամթերքի սուր պակասի պատճառով դուրս կբերի «Վագների» ստորաբաժանումների մի մասը Բախմուտից, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են։ Մյուս մասն անձնվիրաբար կզոհվի մարտերում:
Նա նշել է, որ կմնան Բախմուտում մինչև վերջին փամփուշտը, սակայն փամփուշտները մի քանի օրից կարող են սպառվել: Պրիգոժինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն այդ հարցում կաջակցի կազմակերպությանը: Նա նաև տեղեկացրել է, թե «Վագները» վերահսկողություն է հաստատել Բախմուտի մեծ մասի նկատմամբ: Պրիգոժինի խոսքով՝ ուկրաինական կողմը վերահսկում է քաղաքի ընդամենը 2.9 քառակուսի կիլոմետրը:
Պրիգոժինի խոսքով՝ ուկրաինական կողմն ակտիվորեն նախապատրաստվում է հակահարձակմանը և այն հետաձգվում է եղանակային պայմանների, կազմակերպչական և մատակարարումների հետ կապված հարցերով պայմանավորված: Նրա խոսքով՝ Կիևն ամենայն հավանականությամբ հակահարձակումը կսկսկի մայիսի կեսերին:
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լեհաստանի իշխանությունները կուժեղացնեն Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների պաշտպանությունը՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետը: Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանային գոտու ողջ երկայնքով ֆիզիկական և էլեկտրոնային անվտանգության միջոցներ կտեղակայվեն, կներգրավվեն նաև ժամանակակից զինատեսակներ։
Լրատվամիջոցները գրում են, որ էլեկտրոնային պատնեշն ամբողջությամբ կգործարկվի աշնանը, սակայն առանձին հատվածներում դրանք կաշխատեն արդեն մոտ երկու ամսից: