Գերմանիայում սկսել է գործել միասնական տոմս։ Դրանով դուք կարող եք ճանապարհորդել տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներով, գրում է Euronews-ը:
Հանրությանը հասարակական տրանսպորտից օգտվելը խրախուսելու արշավի շրջանակում Գերմանիան ամսական 49 եվրո արժողությամբ տոմս է ներդրել։
Մայիսի 1-ից նման տոմս ունեցող երկրի բնակիչները կարող են ուղևորություններ կատարել գնացքով, տրամվայով, ավտոբուսով, մետրոյով և լաստանավերով: Ավելի վաղ տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ այդ քայլն ուղղված է «արտանետումների կրճատմանը և կենսական ծախսերի ճգնաժամի հաղթահարմանը»:
Նոր ծրագրից հատկապես գոհ են երիտասարդները, որոնք դա համարում են ճանապարհորդելու հիանալի հնարավորություն:
Տոմսը հասանելի է սմարթֆոնների հավելվածի միջոցով կամ որպես չիպային քարտ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում գները կբարձրանան։ Արագընթաց գնացքները վճարվում են առանձին:
Անձնական մեքենաների օգտագործումը նվազեցնելու նախաձեռնությունն արդյունավետ է եղել Լյուքսեմբուրգում։ Այնտեղ հասարակական տրանսպորտն անվճար է արդեն երեք տարի։