Այս տարվա առաջին եռամսյակում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրերի շրջանակում 928 շահառու ստացել է աջակցություն, վճարվել է 645 մլն դրամ։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը երեքն են: 928-ից 281-ը կանխավճարի ապահովագրությունից են օգտվել, 127-ը՝ միանվագ դրամականից, 520-ն էլ երեխայի ծննդյան աջակցություն են ստացել:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Եթե համեմատականներ անցկացնենք նախորդ տարիների հետ, նշեմ, որ 2022 թ. տարեկան մեր ցուցանիշը կազմել է 3038 շահառու, և վճարվել է 2.1 մլրդ դրամ, և էս ցուցանիշը գերազանցում է 20-21 թթ. գումարային ցուցանիշը, և նաև հաշվի առնելով 2023-ի առաջին եռամսյակի այս մեծ թիվը՝ հստակ նկատվում է ծրագրի նկատմամբ հետաքրքրվածության պահանջարկի աճ:
Ծրագրի մեկնարկից, այսինքն՝ 2020 թ. հուլիսի 1-ից մինչ այս պահը արդեն աջակցություն է ստացել 6380 շահառու, և պետական բյուջեից վճարվել է շուրջ 4.4 մլրդ դրամ:
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով՝ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Շահառուն այս դեպքում պետք է դիմի նախքան վարկային պայմանագրի կնքումը:
Գայանե Ղարագյոզյան - Պայմաններին բավարարելու դեպքում աջակցության չափը կազմում է՝ երկու անչափահաս երեխա ունեցողների դեպքում՝ մինչև 1 մլն դրամ, 3 երեխա ունեցողների դեպքում՝ մինչև 1.5 մլն դրամ, 4 և ավելիի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ, եթե շահառուի 30 տարին լրացած չէ, աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով:
Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան վճարի համար: Այս դեպքում առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին է աջակցություն տրամադրվում: Այս երկու ծրագրի դեպքում էլ վարկը պետք է վերցվի նախարարության հետ գործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից:
Գայանե Ղարագյոզյան - Աջակցության չափը կազմում է տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 180.000 դրամ, էստեղ երեխաների քանակը և շահառուի տարիքը աջակցության չափի վրա չեն ազդում:
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Շահառուն կարող է դիմել ցանկացած բանկ, դիմելու պահին պետք է ունենա 12 ամիս հիփոթեքային վարկի մարում և ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրը, դիմումը պետք է ներկայացվի մինչև երեխայի մեկ տարին լրանալը:
Գայանե Ղարագյոզյան - Եթե առաջին և երկրորդ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցության չափը կազմում է մինչև 500.000 դրամ, ընդ որում՝ եթե շահառուի 25 տարին լրացած չէ՝ մինչև 1.5 մլն դրամ, և երրորդ, հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ, և եթե շահառուի 30 տարին լրացած չէ՝ մինչև 4 մլն դրամ:
Երեք ծրագրերին դիմելու դեպքում անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դրամը, որը երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5 մլն-ով: Առաջին երկու ծրագրերի դեպքում շահառուն նաև իր միջոցներից կատարում է առնվազն 10 տոկոս կանխավճար, առաջնային շուկայի դեպքում՝ 7.5 տոկոս:
Մասնագետի խոսքով՝ դիմումները մերժվում են այն դեպքում, երբ պայմաններից նույնիսկ մեկը չի բավարարում ներկայացված պահանջները, իսկ հաստատման դեպքում համապատասխան ֆինանսական միջոցներն ուղղվում են բանկի տարանցիկ հաշվին, որտեղից էլ կատարվում է մայր գումարի մարումը:
Լիանա Խաչատուրյան