Արդարադատության նախարարությունը հստակ կառուցակարգեր է ներդնում ներպետական օրենսդրության մեջ, որ ՄԻԵԴ-ից ստացվող խորհրդատվական կարծիքը լինի ավելի հիմնավոր: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հիմա էլ հնարավորություն է տալիս բարձր ատյաններին՝ Սահմանադրական ու Վճռաբեկ դատարաններին, խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ուղարկել Ստրասբուրգ, բայց փոխնախարար Հարությունյանը նկատում է՝ չնայած փորձառությանը, կա բաց:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Այսինքն՝ նշել ենք, թե կոնկրետ դատարանը ինչ տվյալներ պետք է ներկայացնի ՄԻԵԴ-ին, ինչ փաստական հանգամանքներ պետք է նշի, ինչ վերաբերելի է ՄԻԵԴ-ի վճիռներին, կարող է հղում կատարել և ինչպես պետք է այդ հարցադրումները ներկայացնի, որոնք հիմք կհանդիսանան առավել արդյունավետ կերպով ստանալու խորհրդատվական կարծիքը:
Տեխնիկական, բայց միևնույն ժամանակ բովանդակային փոփոխությունը, Հարությունյանի համոզմամբ, կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը: Բացատրում է՝ ուսումնասիրել են միջազգային փորձն ու տվել այնպիսի կարգավորումներ, որոնք կկրճատեն նաև Եվրոպական դատարանից խորհրդատվական կարծիք ստանալու ժամկետները, իսկ դրանք մինչև այսօր կարող էին ձգձգվել տարբեր պատճառներով:
Արմենուհի Հարությունյան - Բարձր ատյանները ձևակերպել են դիմումները այնպես, ինչպես հարմար են գտել, բայց հնարավոր են նաև դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը լրացուցիչ հարցադրումներ անելու անհրաժեշտություն ունենա: Այս կառուցակարգերը սահմանելը մեր դատարաններին կազատի նաև այդ հնարավոր դեպքերից, որ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու խնդրանքով առավել չերկարաձգվի խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը:
Ստրասբուրգյան դատարանի խորհրդատվական կարծիքը ոչ միայն օգնում է որակյալ վճիռ կամ որոշում կայացնելու, այլև բարձրացնում է ընդհանուր արդարադատության մակարդակը՝ ընդգծում է փոխնախարարը, ըստ նրա, սա նախաձեռնված փոփոխության կարևոր կողմերից մեկն է:
Արմենուհի Հարությունյան - Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա վերանայվում են ոչ միայն կայացված դատական ակտերը, այլ նաև շատ հաճախ վերանայվում է ներպետական օրենսդրությունը, համապատասխանեցվում է, այսինքն՝ սա մեր իրավակիրառ պրակտիկայի համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթ է:
Հատկանշական է, որ հայաստանյան բարձր ատյաններից մինչև այսօր ընդամենը երեք դիմում է գնացել Եվրոպական դատարան: Մեկը՝ Սահմանադրական դատարանից՝ 2020-ին՝ «Մարտի 1»-ի գործով, այն ժամանակ առանցքային մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, երկուսն էլ՝ Վճռաբեկից, մեկը դեռ չի հրապարակվել, իսկ մյուսով՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով, երրորդ ատյանը հարց էր բարձրացրել խոշտանգումների հոդվածի մասով վաղեմության ժամկետ կիրառել-չկիրառելու վերաբերյալ:
Փոխնախարարն ասում է՝ այս կարգավորումներից հետո ՄԻԵԴ դիմումները հնարավոր է ավելի շատ լինեն: Հիշեցնում նաև, որ թե՛ Վճռաբեկը, թե՛ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին են, ու Ստրասբուրգից խորհրդատվական կարծիք ստանալու հարցը որոշվում է ձայների մեծամասնությամբ: