ԱՄՆ-ում՝ 1.5, եվրագոտում՝ 0.8, Չինաստանում՝ 5.3 տոկոս տնտեսական աճի կանխատեսում. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջանկյալ զեկույցն է: Կառույցը համաշխարհային տնտեսության 2.6 տոկոս աճ է կանխատեսում այս տարի, ինչն իր նոյեմբերյան զեկույցի համեմատ ավելի է 0.4 տոկոսով: Ներկայումս ավելի դրական նշաններ են սկսել ի հայտ գալ՝ բիզնեսի և սպառողների տրամադրությունների բարելավում, սննդամթերքի և էներգակիրների գների անկում և Չինաստանում սահմանափակումների ամբողջական վերաբացում, նշվում է զեկույցում:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Օրինակ՝ Գ20-ի երկրները ավելի ցածր տնտեսական աճ են ունենալու 2023 և նաև 2024 թվականներին, քան, ենթադրենք՝ Չինաստանն ու Հնդկաստանը, իսկ Գ20-ի աճի դանդաղեցումը միանշանակ նշանակում է տեխնոլոգիական երկրների աճի դանդաղեցում: Մի քանի կարևոր հանգամանք կարելի է շեշտել, որ, օրինակ՝ սննդամթերքի գները ցուցաբերում են նվազման միտում, բայց ընդհանուր գների աճը դեռևս շատ մեծ չափով նվազման չի հանգեցրել:
Կազմակերպությունն իր զեկույցում 36 կետով նշել է հիմնական խնդիրներն ու սպասումները, օրինակ՝ նշվում է, որ Եվրոպայում էներգիայի մատակարարման ճգնաժամի ռիսկը նվազել է, բայց չի անհետացել:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն
«2023-24 թվականների ձմռան համար գազի պահեստավորման բավարար մակարդակներ ապահովելու հետ կապված մարտահրավերները մնում են: 2023-ին Ռուսաստանից մատակարարումը հավանաբար նվազագույնի կհասնի: Չինաստանում պահանջարկի հավանական վերականգնումը կարող է մեծացնել մրցակցությունը հեղուկ բնական գազի մատակարարման համար: Սա կարող է ևս մեկ անգամ բարձրացնել էներգակիրների գները, ինչը կհանգեցնի սպառողական գների հերթական աճին: Նավթի շուկայում ևս պահպանվում է գնի բարձրացման ռիսկը՝ հաշվի առնելով զգալի անորոշությունը, թե ինչպես կազդեն համաշխարհային մատակարարման վրա Ռուսաստանի նավթի և նավթամթերքի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները»:
Հեռանկարի բարելավումը դեռևս փխրուն է՝ նշված է զեկույցում: Ուկրաինայում պատերազմի ընթացքի և դրա ավելի լայն հետևանքների վերաբերյալ անորոշությունը առանցքային մտահոգությունն է։ Համաշխարհային տնտեսությունում Չինաստանի դերակատարումը սկսում է մեծանալ, նշում է Սոս Խաչիկյանը, սակայն ամերիկյան տեխնոլոգիաները դեռ մրցակցությունից դուրս են: Նաև Հնդկաստանն է ակտիվանում: Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ավելի խորացնի ասիական տարածաշրջանի հետ գործակցությունը, քանի որ այդ շուկաներում այս պահին մեծ պոտենցիալ կա:
Սոս Խաչիկյան - Ե՛վ Հնդկաստանի դերն է մեծանում, և՛ Հնդկաստանի միջոցով տարածաշրջանային երկրների դերն է մեծանում՝ Իրանի, արաբական աշխարհի, վերջին զարգացումները հենց դրանք են ցույց տալիս, որ բոլոր դեպքերում այդ քաղաքականությունը միտված է լինելու նաև տնտեսական աճին, ի վերջո, այդ աճն է հանգեցնելու պետությունների հզորացման:
Այս պահին դեռևս համաշխարհային տնտեսությունը չի վերադարձել նախահամավարակային կայուն աճի տեմպին, անորոշությունը պահպանվում է:
Սոս Խաչիկյան - Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը այդ հավասարակշռությունը կպահպանվի, կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը, բայց պետք է նկատել, որ մարտահրավերներն այնքան շատ են, որ մինչև 2027 թ. որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նոր խնդիրներ չեն առաջանա:
Ու չնայած քաղաքական, հետևաբար նաև` տնտեսական անորոշություններին և էներգակիրների շուկայում առկա լարվածությանը` 2024 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան