Վրաստանին չեն տրամադրել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի ունեցավ։ Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է ներկայացնում, որովհետև չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, երկրում երկրորդ ճակատ չի բացում»,- ասել է քաղաքապետը։
Կալաձեն հավելել է, որ իշխանությունները մանրակրկիտ աշխատում են 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, որոնք ԵՄ-ը փոխանցել է Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: «Մեր իշխանությունը պատրաստ է մանրակրկիտ կատարել և անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա։ Թե ինչ որոշում կկայացվի, արդեն մեզանից կախված չէ։ Եթե տրամադրեն թեկնածուի կարգավիճակ, կուրախանանք։ Եթե չտրամադրեն, դա էլ խնդիր չէ»,- եզրափակել է նա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թ. փետրվարի 25-ին հայտարարեց, որ չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով: 2022 թվականի մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հետ կանչեց Կիևի դեսպանին Թբիլիսիից՝ պատժամիջոցների հարցում Վրաստանի իշխանությունների «ոչ բարոյական դիրքորոշման» համար։
Եվրամիության ղեկավարները 2022 թվականի հունիսին Մոլդովային և Ուկրաինային միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տվեցին, սակայն մերժեցին Վրաստանին՝ ճանաչելով միայն նրա եվրոպական հեռանկարը։ ԵՄ-ն 12 հանձնարարական է ներկայացրել Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու համար, որոնց թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, օլիգարխների դեմ օրենքի ընդունումը: