Ապրիլի 30-ին ավարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը: Այդ առիթով երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Չնայած Անվտանգության խորհրդում արևմտյան պատվիրակությունների ջանքերով սրված իրավիճակին, Ռուսաստանին հաջողվել է ապահովել այս կարևորագույն կառույցի արդյունավետ գործունեությունը»,- նշել են գերատեսչությունում։
Հաղորդագրության համաձայն՝ նախագահության ընթացքում ռուսական կողմը վերահաստատել է Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերը համակարգող մեխանիզմի դերը։
ԶԵՆՔԸ ՈՐՈՇԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի լրագրողներին տված մեծ հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակահարձակումը հաջողությամբ կպսակվի, և վերջապես կհաջողվի ազատագրել երկրի օկուպացված տարածքները, այդ թվում՝ Ղրիմը:
Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ
«Պատրաստ չեմ ասել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Այո՛, մեզնից շատ բան է կախված, բայց կարևոր են նաև ռազմական մատակարարումները: Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ կյանքեր փրկել, ուստի զենքը որոշիչ նշանակություն ունի: Ոչ բավարար մատակարարումների դեպքում պատերազմը կարող է ձգվել տասնամյակներ»։
Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է՝ հակահարձակումը սկսելու համար Կիևը չի պատրաստվում սպասել, մինչև Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրեն։ «Առանց դրանց էլ առաջ կգնանք»,- հավելել է նախագահը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ BAYKAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ուկրաինան և անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը գործակցության ընդլայնման երեք նոր պայմանագիր են ստորագրել՝ հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։
«Այս պայմանագրերը մեզ կապահովեն նոր սերնդի զենքով և կուժեղացնեն Ուկրաինայի ռազմարդյունաբերական կարողությունները»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածքում նախատեսվում է կառուցել Baykar-ի արտադրանքի պահպանման, վերանորոգման և արդիականացման կենտրոն։ Նման համաձայնություն Կիևի և թուրքական ընկերության միջև ձեռք է բերվել 2021 թվականի սեպտեմբերին։
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ԶԵԼԵՆՍԿԻՆ
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Փարիզի հանձնառությունը Կիևին աջակցությունը շարունակելու հարցում, որպեսզի Ուկրաինան պաշտպանի իր ինքնիշխանությունը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը հայտնել է նաև, որ Եվրոպան պատրաստ է երկարաժամկետ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։
Հեռախոսազրույցից հետո Զելենսկին տեղեկացրել է, որ Ֆրանսիան լրացուցիչ օգնություն կտրամադրի, որը կամրապնդի Ուկրաինայի ներուժը մարտի դաշտում: Նրա խոսքով՝ Փարիզը պատրաստվում է «զրահատեխնիկայի խմբաքանակ» ուղարկել:
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ միջուկային տերություն դառնալու հարցում Իրանին հնարավոր է խանգարել միայն ռազմական սպառնալիքի ճանապարհով։ Նա նշել է, որ դա Իսրայելի, ԱՄՆ-ի և հարևան արաբական երկրների ընդհանուր պարտքն է։
«Մեր տնտեսական և քաղաքական սահմանափակումները խանգարեցին Իրանի նախնական ծրագրերին: Նրանք կարծում էին, որ կլինեն այնտեղ, որտեղ հիմա են՝ մոտ 10 տարի առաջ: Մենք դանդաղեցրինք Թեհրանի ծրագրերի կյանքի կոչումը»,- ասել է Նեթանյահուն:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ, և միջուկային զենքի ստեղծում օրակարգում չկա: Թեհրանին նաև անհանգստացնում են Իսրայելի հռետորաբանությունը և տարածաշրջանային երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունների խորացումը:
ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ուզբեկստանում ընտրողների ավելի քան 90%-ը աջակցել է Սահմանադրության նոր նախագծին՝ հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ «Հանրաքվեի արդյունքում նախագծին կողմ է քվեարկել 15 միլիոնից ավելի մարդ»,- մանրամասնել է Զայնիդդին Նիզամխոջաևը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ սահմանադրական փոփոխությունների՝ համրապետությունում արգելվում է մահապատիժը, խորհրդարանականների թիվը կրճատվում է, նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դառնում է 7 տարի։ Նախագիծը թույլ կտա ներկայիս նախագահ Շավկաթ Միրզիյոևին վերընտրվել երրորդ անգամ: