Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումների մասին, նշել է․«Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացել է հեռախոսազրույցի երեք փուլ։ Մենք տեսնում ենք, որ երկու երկրի միջև լրատվամիջոցների մթնոլորտը հանդարտվել է, ինչպես նաև ականատես եղանք համապատասխան պաշտոնյաների միջև երկխոսության գործնական քայլերի՝ թյուրիմացությունները հարթելու և երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու նպատակով»,- հաղորդում է IRNA գործակալությունը։
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններին՝ Քանանին ընդգծել է, որ, բարեբախտաբար, առևտրային համագործակցության միտումը, չնայած վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունների ճանապարհին եղած խնդիրներին, դեռևս աճում է։ «Որպես Իսլամական Հանրապետություն՝ մենք շեշտում ենք, որ պետք է նոր էջ բացենք երկու երկրի հարաբերություններում։ Կարծում եմ, որ լարվածության ստեղծումը խաթարում է երկկողմ հարաբերությունները և ծառայում է այն կողմերի շահերին, որոնք միշտ սեփական շահն են փնտրում` հարևանների միջև անջրպետ ու լարվածություն ստեղծելով»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով ջրի խնդրին՝ Քանանին նշել է, որ Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում ջրի հարցը քննարկվող կարևորագույն թեմաներից է։ «Ջրի հարցում մենք երկկողմանի խնդիրներ ունենք որոշ երկրների հետ, որոնք պետք է քննարկենք ու ընդհանուր լուծման հասնենք»,- հավելել է Քանանին։
ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսվում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Սիրիա։