Իրանական երեք դիվանագիտական ներկայացուցչություններ վերսկսել են աշխատանքը Սաուդյան Արաբիայում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հայտնում է Fars գործակալությունը։
Al Jazeera-ն էլ, վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը, ներկայացրել է, որ Թեհրանը վերաբացել է իր դեսպանատունը Սաուդյան Արաբիայում, բայց ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, քանի որ Իրանը դեռ դեսպան չի նշանակել Սաուդյան Արաբիայում։
Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկամսյա ժամկետում։ Ուրբաթ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ «Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանատներն ու հյուպատոսությունները կվերսկսեն աշխատանքը մոտ օրերս»։
Թեհրանն Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատանքի վերսկսմանը սպասում է մինչև մայիսի 9-ը։