ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ավելի վաղ պետքարտուղարությունից տեղեկացրել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի Առլինգտոնում (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:
Նախատեսվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ Երևանի ժամանակով ժամը 17:45-ին:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման՝ պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին՝ դրանք համարելով երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհը: