Խախտված աշխատանքային իրավունքների մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է: Հիմնական անհանգստությունը աշխատանքից զրկվելն է: Մոտ մեկ տարի առաջ ստեղծվեց հարթակ՝ azdarar.mdi.am, որտեղ հնարավոր է աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն հայտ ներկայացնել և ստանալ անվճար խորհրդատվություն:
Կարեն Այվազյան («ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար) - Հարթակը այս առումով լավ է, որովհետև հնարավորություն է տալիս նախևառաջ հասկանալ՝ արդյոք իրավունքները խախտվե՞լ են, արդյոք այն, ինչ որ ես պատկերացնում եմ խախտման մասին, ճի՞շտ է, և ստանալ հստակ ցուցումներ իրավաբանի կողմից, որը մասնագիտացված է հենց աշխատանքային իրավունքների ոլորտում, հասկանալու, թե որոնք են գործողությունները:
Եվ իրավաբանի հետ քննարկումը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ խնդրի կարգավորման ճանապարհը չի հայտնաբերվել: Հիմա, երբ գործատուն խախտում է աշխատողի իրավունքները, հնարավոր է երկու կառույցի դիմել՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին կամ դատարան: Ի տարբերություն գործարկված ծրագրի՝ տեսչականին դիմելու պարագայում անանուն դիմում ներկայացնել հնարավոր չէ՝ մանրամասնում են համակարգողները:
Նարինե Եգանյան - Այստեղ տեսնում ենք պարտադիր դաշտերը՝ սեռ, իրավունքը խախտող կազմակերպության, մարմնի տեսակը, որտեղ կարող եք նշել տեսակը, այլ ոչ թե անունը, պայմանագրի տեսակը, արդյոք՝ պայմանագիր ունեք, և ինչ տեսակի պայմանագիր է, երբ է խախտումը տեղի ունեցել՝ ամսաթվով, տարով, և որ մարզում է տեղի ունեցել խախտումը:
Այնուհետև պետք է մանրամասն ներկայացնել խախտման տեսակը, եթե ցանկություն ունի՝ կարող է նաև կազմակերպության անվանում ու անգամ խախտում իրականացրած պաշտոնյայի անուն նշել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքային իրավունքների հիմնական խախտումները կապված են վերջնահաշվարկի, աշխատանքային ժամերի խախտման, արձակուրդի տրամադրման հետ:
Նարինե Եգանյան («ՕքսԵՋեն» հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու) - Ուղարկելուց հետո մեզ կտրվի կոդ, ահա այս կոդը, պահում ենք այն, և ինչպես տեսաք, կոդը պահելուց հետո կարող ենք հետևել դիմումի ընթացքին: Երբ իրավաբանը տեսնում է հայտը, արդեն սկսում է պատասխանել:
Սովորաբար քաղաքացին անհատ իրավաբանի մոտ 1 ժամ խորհրդատվության համար ստիպված է առնվազն 10 հազար դրամ վճարել, այս դեպքում այդ գումարը կխնայի՝ շարունակում են մասնագետները:
Կայքը ստեղծվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրով և Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ տարբեր ՀԿ-ների ու հիմնադրամների հետ գործակցությամբ:
Կարեն Այվազյան - Գիտեք, որ Հայաստանում աշխատանքային իրավունքների հետ կապված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում, այնպիսի ծավալով, որ երբևէ տեղի չեն ունեցել, և այս առումով մի կողմից պետությանը աջակցել փաստահենք քաղաքականության մշակման և օրենսդրության մշակման մեջ ներդրում ունենալ՝ մեր ծրագրերի հիմնական բաղադրիչներից մեկն է, և մյուս կողմից՝ արդյոք օրենսդրությունը կարո՞ղ է պրակտիկ կիրառություն ունենալ և բացառել այն դեպքերը, որոնք որ գրանցվել են հետազոտության արդյունքում: Դա նույնպես ներդրում է ծրագրի կողմից և ԵՄ-ի կողմից մեր պատկան մարմիններին, ովքեր ի պաշտոն սուբյեկտ են հանդիսանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման համար:
Քանի որ ծրագիրը պիլոտային է, հարթակին դիմած քաղաքացիների թվի վերաբերյալ վերլուծություն այս պահին չունեն: Տվյալներն ամփոփման փուլում են: Հարթակի մասին քաղաքացիներին պատմել են մարզերում ունեցած տարբեր հանդիպումների ընթացքում, իրազեկման արշավը կշարունակվի մինչև այս տարվա կեսը, ակտիվ կլինեն նաև սոցհարթակներում: