Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի Առլինգտոնում (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, հայտնում է պետքարտուղարությունը:
Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ Երևանի ժամանակով ժամը 17:45-ին:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման՝ պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին՝ դրանք համարելով երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհը: