Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։
«Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:
Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,- նշված է գրառման մեջ: