Ծաղկահովիտի բժշկական կենտրոնն անմխիթար վիճակում է: Սարքավորումներն էլ, գույքն էլ նախորդ դարի արտադրության են: Այս պայմաններում անգամ հիվանդանոցում վիրահատություններ են արվում: Պոլիկլինիկայի ու շտապօգնության բաժանմունքները 2018-ին կոսմետիկ վերանորոգվել են, բայց խնդիրը դրանով չի լուծվել:
Ծաղկահովիտի հիվանդանոցի խնդիրը նորերից չէ: Դեռ տարիներ առաջ փակվել էր ծննդատունը: Նոր ու ժամանակակից բուժհաստատություն ունենալու համար Կառավարությունը 613 միլիոն դրամ է հատկացրել, ընդ որում՝ ոչ թե վերանորոգման, այլ հիմնովին նորը կառուցելու համար:
Բյուզանդ Քահքեջյան (վիրաբույժ) - Շատ կկարծեմ, որ մենք նոր հիվանդանոցի մեջ հրաշքներ կգործենք, հրաշքներ, եթե այս պայմաններում այսպիսի վիրահատություններ կանենք, այսինքն, կկարծեմ, որ նոր հիվանդանոցի մեջ` նոր ապարատուրայով, նոր տեխնիկայով լավ բաներ կանենք:
Կապալառու ընկերությունը ներքին և արտաքին կոմունիկացիաների, ջրամբարների, պոմպակայանի կառուցումն ավարտել, երկրորդ հարկի շինարարությանն է անցել: Հիվանդանոցը կառուցում են Ծաղկահովիտի ու հարևան գյուղերի շինարարները:
Արամայիս Աթոյան (Կապալառու ընկերության ինժեներ) - Միայն խոչընդոտող հանգամանքը եղանակն է, որ, ասենք, կարող էինք փետրվար ամսին սկսել, բայց մարտի սկզբից ենք սկսել, որովհետև եղանակային պայմանները թույլ չէին տալիս: Ամեն ինչ անում ենք, որպեսզի սահմանված ժամկետում հանձնենք, քանի որ սա հիվանդանոց է, ու շատ-շատ մարդիկ սպասում են սրա բացմանը:
Մինչև տարեվերջ, երբ այս շինությունն ամբողջությամբ կառուցվի, ծաղկահովիտցիներն այլևս կարիք չեն ունենա հարևան քաղաքներում բուժզննում անցնել։ Երկհարկանի այս հիվանդանոցում փորձառու բժիշկներն անգամ բարդ վիրահատություններ կկատարեն։
Այս բուժհաստատությունը սպասարկում է Ծաղկահովիտ և Ալագյազ խոշորացված համայնքներում ներառված 21 գյուղի ավելի քան 13.000 բնակչի: 2022-ին մոտ 700 քաղաքացի այստեղ բուժվել, ևս 10.000-ն էլ օգտվել է ստացիոնար ծառայություններից:
«Քաղաքացիների հիմնական դժգոհությունները շենքային պայմաններից են»,- վստահեցնում է բուժհաստատության տնօրենը:
Արմեն Հակոբյան (Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն) - Հին մասնաշենքում բոլորը հին են սարքավորումները ու շենքային պայմաններն էլ էն չեն, իսկ նոր հիվանդանոցը թույլ կտա, որ մարդիկ արդեն տեղում ստանան բուժծառայություններ: Մասնագետներն էլ նայում են շենքային պայմաններին, երիտասարդներն ավարտում են, չեն գալիս մարզ, ինչի՞ համար, որովհետև շենքային պայմաններն են, սարքավորումներն են: Ինձ թվում է, որ նոր կառուցվող շենքային պայմանները կստիպեն կամ իրենք էլ կուզեն, որ գան մեր մոտ աշխատելու:
Նոր հիվանդանոցում նոր կլինեն ռեանիմացիոն ծառայությունները, ամբողջությամբ կփոխվի գույքը, կտեղադրվեն բացառապես նոր սարքավորումներ: Հիվանդանոցը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մեծ, ընդարձակ ու լուսավոր սենյակներ:
Ռազմիկ Թադևոսյան (Արագածոտնի մարզպետի խորհրդական) - Սրանով կառավարությունը լուծում է ևս մեկ կարևոր խնդիր մեր համայնքների բնակիչների համար, առաջնահերթությունը դա է եղել: Շատ վատ շենքային պայմաններ ունենք, շատ ծառայություններ կան, որոնք որ չենք կարողանում տեղում սպասարկել, դիմում են թե մարզի ԲԿ-ներ, թե Երևան քաղաք են գնում:
Արագածոտնի մարզպետարանից վստահեցնում են՝ կապալառու ընկերության հետ ունեն պայմանավորվածություն սահմանված ժամկետում ավարտել շինարարությունը: Խստորեն հետևում են, որ նոր հիվանդանոցը առաջին հերթին որակով կառուցվի, և հետո՝ համապատասխանի նախագծին, ու ընթացքում շեղումներ չլինեն: