Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը:
Դատարանը թույլատրեց միայն մասնակի տեսանկարահանում՝ հաշվի առնելով Սերոբ Հարությունյանի ու նրա ներկայացուցիչների առարկությունները: Քանի որ դատարանը թույլատրել էր դատախազին փոփոխել հայցի հիմքն ու առարկան, պատասախանող կողմը հարցեր ուղղեց հայցվորին:
Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց, թե իրավական որ հիմքով է ապօրինի դիտարկվել իր վստահորդի՝ եղբորից նվիրատվություն ստացած Հյուսիսային պողոտայի բնակարանը: Դատախազի ներկայացմամբ՝ մինչև այդ բնակարանը գնելը Սերոբ Հարությունյանի եղբայրը ավանդ է դրել, սակայն դրամական միջոցներ չի ունեցել: Եվ այդ գումարի իրական շահառուն համարվել է Սերոբ Հարությունյանը:
Համլետ Հարությունյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Նաև Սերոբ Հարությունյանն է ներդրել ավանդ` 100 հազար դոլարի չափով, որի համար բավարար միջոցներ չի ունեցել, մինչև Հյուսիսային պողոտայի բնակարանը Սերոբ Հարությունյանի եղբոր կողմից գնվելը, նշված 2 ավանդները մեկ օր առաջ մարվել են, բնակարանը գնվել է և դրանից հետո` մի քանի տարի անց, անհատույց նվիրատվությամբ փոխանցվել է Սերոբ Հարությունյանին, մինչ անհատույց փոխանցվելը Սերոբ Հարությունյանը հաշվառվել է նշված բնակարանում:
Վարազդատ Ասատրյանը հակադարձեց՝ հայցի առարկության մեջ ներկայացրել են, որ Հարությունյանի եղբայրն ունեցել է բավարար միջոցներ, իսկ դատախազը նշեց՝ պատասխան չեն ստացել: Այնուհետև Ասատրյանը խնդրեց ներկայացնել իր վստահորդի յուրաքանչյուր տարեթվի ու յուրաքանչյուր օրվա աշխատավարձը, ինչին պատասխանել դատախազը նպատակահարմար չհամարեց, քանի որ, ըստ նրա, դա փաստին վերաբերելի հարց չէ:
Դատավորը չթույլատրեց ներկայացուցչին շարունակել հարցերը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, նախազգուշացրեց` շարունակելու դեպքում սանկցիա կկիրառի: Դատախազին հարցեր ուղղեց նախկին բարձրաստիճան սպան:
Սերոբ Հարությունյան - Հայրս 2018-ին ձեռք է բերել 121 միլիոնանոց բաժնեմասը, որի 50 տոկոսն էլ 17 թվականին նվեր է ստացել, դուք օրենքի տրամաբանությունով ասում եք որ ես 2014-2016 թթ. Կոտայքի մարզայինի պետն եմ եղել, օրենքի տրամաբանությունով իմն է էդ, ես 17-18-ը աշխատել եմ լրիվ այլ տեղ, 16-ի փետրվարից Կոտայքի մարզայինից ազատվել եմ, ոնց եք բերել կապել իմ հետ էդ գույքը:
Դատախազը պատասխանեց՝ գործարքի կատարման պահին, իրենց տվյալներով, Հարությունյանի հայրը բաժնեմասը ձեռք բերելու օրինական միջոցներ չի ունեցել, ուստի հայցվորի կարծիքով` իրական շահառուն Սերոբ Հարությունյանն է: Պատասխանողն էլ ասաց՝ ապացույցներ ունի, կներկայացնի դատարանին:
Դատախազությունը Սերոբ Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել մոտ 490 միլիոն դրամի գույք ու ֆինանսական միջոց: Հարությունյանը, որը դեմ էր նիստի տեսանկարահանմանը, նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: «Լուրեր»-ի հարցին` աշխատելով իրավապահ համակարգում` ինչպես է կարողացել այդքան գույք ու եկամուտ ունենալ, ԱԱԾ նախկին պաշտոնյան ասաց՝ դրանք ինքը ստացել է եղբորից և հորից.
«Իմ ընտանիքի կողմից նախնական ձեռքբերումները կազմում են 82 միլիոն դրամ, 76 միլիոն դրամ բնակարանի արժեքն ա, 5 միլիոն դրամ ավտոկայանատեղիի արժեքն է, որը գնահատել է իրավասու մարմինը համապատասխանաբար 200 միլիոն` բնակարանը, 10 քանի միլիոն` ավտոկայանատեղին և եղբորս ձեռք բերած 40 տոկոս Չեխովի փողոցում գտնվող խանութի բաժնեմասում, որը նույնպես գնահատել են 80 միլիոն, այսինքն` ամբողջ շուկայական արժեքի համադրումն է գալիս 300 քանի միլիոն, ոչ թե ես այդքան գումար աշխատել եմ ձեռք եմ բերել»:
Ասաց՝ 29 տարի աշխատել է հօգուտ պետության, և վերադարձնելու ոչինչ չունի:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան