Իջևանում խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Տավուշի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Նախ նշվել են վարչատարածքային բարեփոխումները: Համայնքների թիվը մինչև միավորումը եղել է 62, այժմ 4-ն է: Համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14, ավագանու անդամներինը՝ 52 տոկոսով: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով:
2022-ին մարզում մշակվել է 5 333 հեկտար հողատարածք` նախորդ տարվա համեմատ 250 հեկտարով ավելի: Հիմնվել է կաթիլային համակարգով գործող 230 հեկտար այգի, 53 հա՝ ինտենսիվ այգի: Ի դեպ, ինտենսիվ այգիների ցուցանիշի աճը կտրուկ է. 2021-ին այդպիսի ընդամենը 4 հա այգի էր հիմնվել: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն-ով:
Տավուշի մարզում 2018-2022 թթ․ իրականացվել է 63 սուբվենցիոն ծրագիր, որից 16-ը հաստատվել է 2022 թվականին՝ 4.3 մլրդ դրամ արժեքով: Քառամյա ժամկետում իրականացվել է 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր: Գումարի 60 տոկոսը՝ պետբյուջեից, 35 տոկոսը՝ համայնքից: Ասֆալտապատում, լուսավորություն, ջրամատակարարում-ջրահեռացում, ոռոգման համակարգի կառուցում, բնակարանաշինության, տեխնիկայի ձեռքբերում. սուբվենցիոն ծրագրերով կատարված հիմնական աշխատանքներն են:
Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2022-ին աճել են՝ հասնելով 1,49 մլրդ դրամի:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Խորհրդակցությունից հետո վարչապետն այցելել է Բերդ խոշորացված համայնքի Տավուշ գյուղ, որտեղ 2022-ին 73 մլն դրամով նորոգվել է խմելու ջրի 17.5 կմ ներքին ցանցը: Ու թեև խողովակները հասել են յուրաքանչյուրի տուն, բայց ջուրը դեռ չկա:
Պատասխանատուները բացատրեցին՝ խնդիրը կապված է արտաքին ցանցի հետ, որը կառուցվել է ավելի վաղ: Բայց ծրագիրը դեռ ավարտված չէ, շինարարը աշխատում է խնդիրները վերացնելու ուղղությամբ: Դրա համար մոտ երեք ամիս կպահանջվի:
Մարզի Դովեղի, Կիրանց և Գանձաքար բնակավայրերում կառուցվում են դպրոցներ: Իրենց հերթին են սպասում Նավուրն ու Գոշը: Տավուշի դպրոցներում աշխատող 1634 ուսուցիչներից 72-ը անցել են կամավոր ատեստավորում:
2018-2022թթ. կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ համայնքները պետք է ընդլայնեն սուբվենցիոն ծրագրերը, ավելացնեն մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման կապիտալ ծրագրերը:
Տավուշ գյուղում վարչապետն այցելել է նաև մասնավոր ներդրումներով բացված ըմբշամարտի դպրոց:
Ըմբշամարտի դպրոցին անհրաժեշտ մարզասարք տրամադրելու հարցը վերածվեց ավելի մեծ ծրագիր իրագործելու որոշման:
Տավուշ այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը: Վարչապետը շեշտել է, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության զարգացման ռազմավարություններ: Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զարգացնել գյուղատնտեսությունը. ընդգծել է վարչապետն ու հավելել՝ կառավարության խնդիրն է, որ մարդն, աշխատելով հողի վրա, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները:
Հեղինակ` Աննա Զախարյան