Մեծածավալ մաքրման աշխատանքներ բակերում, այգիներում, պուրակներում, փողոցներում ու հրապարակներում: Վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Բահերով և դույլերով քաղաքացիներ այսօր ամեն քայլափոխի կարելի է տեսնել: Մայրաքաղաքում ակտիվ են հատկապես երեխաներն ու պատանիները: Դպրոցական Արման Խաչատրյանն իր օրինակով է փոքր եղբորը սովորեցնում՝ ինչպես մաքրել և մաքուր պահել քաղաքը:
Արման Խաչատրյան (դպրոցական) - Ես էստեղի բոլոր տոպրակները հանեցի, արդեն իմ մոտ երրորդ պարկն եմ վերցնում, մենակ ստեղ չեմ հավաքել: Ու ահավոր շատ կեղտ կար՝ շշեր, փականներ, շատ-շատ է աղբը:
Շաբաթօրյակը Երևանի վարչական շրջաններում և մարզերում իրականացվում է արդեն որոշված տարածքներում, ցանկը նախօրոք էր հրապարակվել: Նպատակը Հայաստանը մաքուր պահելու մշակույթ ձևավորելն ու ամրապնդելն է: Շաբաթօրյակին մասնակցող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանը մշտապես խնամքի և մաքրության կարիք ունի:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Հիմնական մեսիջը, որ մենք ուզում ենք փոխանցել մեր երևանցիներին, դա այն է, որ քաղաքին պետք է վերաբերվել ինչպես սեփական տանը, և երբ էդ վերաբերմունքի փոփոխությունը մենք մշակութային կարողանանք ունենալ, վստահաբար, քաղաքի մաքրությունը, միջավայրն ամբողջովին կփոխվի:
Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Երևանում նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: Նաև սոցիալական գովազդների միջոցով են փորձելու քաղաքացիների շրջանում նոր մշակույթը ամրապնդել:
Նելլի Ասատրյան (Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից) - Մաքրելը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է բնակիչների մեջ ձևավորել էդ մշակույթը՝ չաղտոտելու, աղբը համապատասխան վայրում թափելու:
Շաբաթօրյակի մասնակիցների կոչն է՝ միանալ և միասին մաքուր պահել Հայաստանը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան