ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։
Այնուհետև Ադրբեջանի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ մասնակցել է «Տեքնոֆեստ» օդատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին: Սա առաջին միջոցառումն էր, որին մասնակցել է Էրդողանը՝ առողջական խնդիրների մասին քննարկումներից հետո: Էրդողանն ու Ալիևը փառատոնի անցկացման վայր են գնացել առաջին թուրքական էլեկտրամեքենայով։ Ղեկին եղել է Ադրբեջանի նախագահը։
Տեքնոֆեստի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել ելույթներով: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեն եղել է Բաքվի կողքին: «Էրդողանն իր հայտարարություններով և ուղերձներով հստակորեն սատարում էր Ադրբեջանին: Նա ասաց, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, և դա մեզ լրացուցիչ ուժ, լրացուցիչ ոգի տվեց»,- հայտարարել է Իլհամ ալիևը: Նրա խոսքով՝ «Թուրքիան այսօր Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական կենտրոնն է, թուրքական հզոր արդյունաբերությունն ուժեղացնում է ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա դաշնակիցներին, իսկ թուրքական բանակն այսօր աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է»:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՍ 5 ՏԱՐԻ
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հաղթանակի դեպքում հավակնում է դառնալ հանրապետության նախագահ, ցանկանում է ընտրվելու դեպքում որքան հնարավոր է՝ շուտ վերսկսել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Էրդողանի գլխավոր մրցակիցն ասել է Financial Times-ին։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան տնտեսական հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, թեև ինքն ու իր դաշնակիցները «ճիշտ չեն համարում», որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում։ Քըլըչդարօղլուն թերթին ասել է նաև, որ իր նախագահության խնդիրն է լինելու թույլ չտալ, որ Թուրքիան դառնա ավտոկրատ երկիր, վերականգնելու է ժողովրդավարական ինստիտուտները և սկսելու է լուծել երկրի տնտեսական խնդիրները։ «Մեր առաջնահերթություններն են» ազատությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը չի կարող հանդուրժել Էրդողանի կառավարման ևս հինգ տարի: Ընդդիմության միասնական թեկնածուն նաև կասկած է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն առանց խախտումների, և դա կանխելու համար ընդդիմադիր դաշինքը բազմաթիվ դիտորդների է ներգրավել ընտրություններում։
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի սկզբին կայցելի Կորեայի Հանրապետություն և բանակցություններ կանցկացնի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Այցը նախատեսվում է մայիսի 7-8-ը։ Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը քննարկելու են մի շարք հարցեր, տարածաշրջանային խնդիրներ՝ նախ և առաջ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ։ Սա վերջին 5 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հարավային Կորեա։ Երկրների միջև հարաբերությունները վատացել էին մի քանի տարի առաջ՝ պատմական չլուծված խնդիրների պատճառով։
Այսօր մեկնարկել է Կիսիդայի այցը աֆրիկյան չորս երկիր՝ Եգիպտոս, Գանա, Քենիա և Մոզամբիկ: 2021 թվականի հոկտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո սա Կիսիդայի առաջին ուղևորությունն է Աֆրիկա: Մեկնելուց առաջ Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ աֆրիկյան առաջնորդների հետ քննարկելու է համագործակցության գլոբալ հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
ՀՐԴԵՀ ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ
Սևաստոպոլի Կազաչյա Բուխտա միկրոշրջանի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով՝ հայտնում է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազ-վոժաևը։ Հրդեհը տարածվել է մինչև 1000 ք.մ մակերեսով: Տուժածներ չկան: Նրա խոսքով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են տարածաշրջանի ԱԻՆ բոլոր ուժերը։ Դեպքի վայրում աշխատում են Ղրիմի հրշեջ խմբերը։
«Սևծովյան նավատորմի ռեսուրսները նույնպես ներգրավված են։ Հրդեհային գնացքն է աշխատում»,- գրել է Ռազվոժաևը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է, քաղաքացիական օբյեկտներին ոչինչ չի սպառնում։