Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վատառողջ լինելուց հետո առաջին անգամ անձամբ է հայտնվել հանրության առաջ և մասնակցել Ստամբուլում անցկացվող Teknofest ավիատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին՝ հաղորդում է РИА Новости-ն:
Միջոցառմանը, որն անցկացվում է Աթաթուրքի անվան նախկին միջազգային օդանավակայանի տարածքում, ներկայացված են ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնիկա, որոնք օգտագործում են Թուրքիայի ռազմաօդային ուժերը։ Միջոցառման ժամանակ անցկացվել է նաև ավիաշոու։
Փառատոնին ներկա են եղել Էրդողանի կինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ:
Էրդողանն ու Ալիևը փառատոնի անցկացման վայր են գնացել առաջին թուրքական էլեկտրամեքենայով։ Ղեկին եղել է Ադրբեջանի նախագահը։ Տեքնոֆեստի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել ելույթներով:
Ալիևը հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեն եղել է Բաքվի կողքին: «Էրդողանն իր հայտարարություններով և ուղերձներով հստակորեն սատարում էր Ադրբեջանին: Նա ասաց, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, և դա մեզ լրացուցիչ ուժ, լրացուցիչ ոգի տվեց»,- հայտարարել է Իլհամ ալիևը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան այսօր Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական կենտրոնն է, թուրքական հզոր արդյունաբերությունն ուժեղացնում է ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա դաշնակիցներին, իսկ թուրքական բանակն այսօր աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է»: