Դատական համակարգը տարեսկզբից հրաժարվեց մասնագիտական օղակներից մեկից, որը 2021-ին էր ներդրվել: Խոսքը մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտի մասին է: Գրեթե տարիուկես առաջ արված փոփոխությունը, Բարձրագույն դատական խորհրդի անդամի խոսքով, չարդարացրեց իրեն, թեև գաղափարը միտված էր դատարանների գերբեռնվածությունը թեթևացնելուն:
Երանուհի Թումանյանց (ԲԴԽ անդամ) - Խնդիրն այն էր, որ ծավալը աշխատանքի այնքան էր, որ այդ դատավորները պարզապես չէին կարող 24/7 ռեժիմով, արդեն իրենք մեկ տարուց ավելի աշխատում էին, այսինքն մարդիկ անգամ չէին կարողանում հերթապահություն սահմաններին, որովհետև այնքան շատ էր, որ մեկ կամ երկու, կամ երեք հերթապահ դատավորը չէր հասցնում ամբողջ այդ ծավալը, հասկանում ենք, չէ՞, ինչպիսի գործեր են՝ կալանքի խուզարկության, ձերբակալման, որոնք գիշերն էլ կարող էին լինել:
Ձևավորման պահից այս ինստիտուտը 17 հաստիք է նախատեսել, բայց զբաղեցված էր 15-ը: Թումանյանցն ասում է՝ դատավորների համայնքի հետ հանդիպումներից հետո հասկացան՝ կամ պետք է ավելացնեն հաստիքները, կամ՝ գործերը բաշխեին բոլոր դատավորների միջև՝ ինչպես նախկինում՝ վերանայելով նրանց թվաքանակը: Հաշվարկները ցույց տվեցին՝ եթե նախապատվությունը տան մասնագիտական կառույցին, միայն այդտեղ 50 նոր դատավոր է անհրաժեշտ լինելու, իսկ մյուս դեպքում ավելացնելով ընդհանուր դատավորների թիվը՝ կկարողանան լուծել հերթափոխով աշխատանքի ու ծանրաբեռնվածության խնդիրը:
Երանուհի Թումանյանց - Եթե ավելացնում ենք դատավորների քանակ, ճիշտ մոտեցում էր՝ թողնել մինչդատականը, բայց եթե ավելացումը լինելու էր, օրինակ, 5 կամ 10 դատավորով, հենց իրենք՝ դատավորները, ասում էին որ դա իրավիճակ չի փոխելու, այսինքն՝ դա լինելու է կոսմետիկ վերանորոգում, որը կարող է ինչ-որ առաջին պահին ինչ-որ մի քիչ թեթևացում լինի, դու սկսես գիշերները մի քիչ քնել, բայց այդ կուտակումների արդյունքում դա չի փրկելու: Ու երբ որ խոսում էին փրկության մասին, հնչում էր 50 թվաքանակը, որը ուղղակի ճիշտ չէր, արդյունավետ չէր, ու նրա ՕԳԳ-ն այն չէր, որը մենք ուզում էինք:
Արդյունքում որոշվեց գործերը բաշխել բոլորի միջև, սահմանել հերթապահությունը՝ ապահովելով արդարություն՝ գործընթացը դարձնելով կառավարելի: Սա նաև բյուջեի տեսանկյունից է արդյունավետ՝ նշում է Թումանյանցը, պարզաբանում, որ նպատակն է ավելացող հաստիքների թիվն ամբողջ հանրապետությունում հասցնել 80-ի: Հարցը սեղանին է, հիմա բանակցում են գործադիրի հետ: Երկար գործընթաց է՝ ասում է ԲԴԽ անդամը: Դիտարկմանը ի պատասխան, թե դատավորներն իրենք չե՞ն դժգոհի, որ նորից ստանում են կալանքի, խուզարկության ու առհասարակ մինչդատական վարույթերին վերաբերող գործեր, Թումանյանցը նկատում է.
Երանուհի Թումանյանց - Իհարկե, դատավորներն ասում էին, որ մենք հազիվ շնչում ենք, հիմա հանգիստ աշխատում են, բայց դուք նորից բերում եք մեր դաշտ: Խնդիրն այն է, որ նրանք մտահոգված են, որ, այնուամենայնիվ, կարող է քանակ չավելանա, դրա համար այս մտահոգությունը առկա է, թե չէ՝ եթե սա ժամանակավոր երևույթ է, իրենք պատրաստ են դա պատվով կատարել, ինչպես միշտ կատարել են: Մենք հուսով ենք, որ շատ շուտով իրոք կկարողանանք այդ քանակն ապահովել:
Ինչ վերաբերում է մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող 15 դատավորին, նրանցից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, կալանավորված է, նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Մյուս 14-ից էլ ընդամենը երկուսն են կարողացել հաղթահարել դատավորի պաշտոնում վերանշանակման հատուկ կարգի առաջին փուլը, 12-ն էլ ընդգրկվել են ռեզերվային ցուցակում: