ՊԱՐԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ՝ ԷՐԴՈՂԱՆ-ԳՈՒՏԵՐԵՇ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պարենային գործարքը: Կողմերը քննարկել են ուղիները, որոնցով հնարավոր է երաշխավորել Սև ծովի նախաձեռնության բարելավումն ու ընդլայնումը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած ջանք գործադրել՝ օգնելու ՄԱԿ-ին՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությունը:
Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են նաև Սուդանում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Թուրքիայի նախագահը շեշտել է հուլիսին Սիրիայում անդրսահմանային օգնության մեխանիզմի գործողության երկարաձգման կարևորությունը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ Էրդողանը ՄԱԿ-ից ստացել է «ճանապարհային քարտեզ» «հացահատիկի գործարքի» վերաբերյալ, որը ենթադրում է համագործակցություն Թուրքիայի հետ ռուսական գյուղմթերքների դիմաց վճարելու հարցում:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ ՍՈՒԴԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարյուրավոր ամերիկացիներ լքել են Սուդանը՝ ցամաքով, ծովով կամ օդով վերջին մի քանի օրերի ընթացքում ՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները սկսել է ամերիկացիների տարհանումը Սուդանից։ Նշվում էր, որ ԱՄՆ զինվորականները երթուղու երկայնքով անօդաչու սարքերի միջոցով վերահսկում են սպառնալիքները։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ բրիտանացիների տարհանումն էլ կավարտվի այսօր։ Ապրիլի 25-ից Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ տարհանել է 1573 քաղաքացու։ Սուդանում արևմտյան դեսպանատների մեծ մասը տարհանվել է ռազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ անց, ինչի հետևանքով Սուդանի վիզաների դիմորդներից շատերը մնացել են առանց ճամփորդական փաստաթղթերի և հայտնվել իրավական անորոշության մեջ: Որոշ դեպքերում դեսպանատների աշխատակիցները խորհուրդ են տվել մարդկանց «դիմել նոր սուդանական անձնագիր ստանալու համար՝ չնայած հակամարտությունը կաթվածահար է արել Սուդանի պետական ծառայությունների աշխատանքը։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԹԵՀՐԱՆ
Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են առաջիկա օրերին երկու երկրներում բացել դեսպանատներ և գլխավոր հյուպատոսություններ՝ Լիբանան կատարած այցի ավարտին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Ամիր Աբոդոլլահիանը հայտնել է, որ մինչև այդ Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը կայցելի Թեհրան։ Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործարքը բխում է երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերից, նրա խոսքով, դա դրական արձագանք կունենա նաև Լիբանանի վրա:
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՍԻՐԻԱ
Մայիսի 3-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Սիրիա: Սա 2010-ից ի հետո Իրանի նախագահի առաջին այցն է Սիրիա: Երկօրյա այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նախագահները կքննարկեն տնտեսական ոլորտում երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցը: Այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։