Երկշաբաթյա ինտենսիվ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Բուլղարիա և Ռումինիա ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հացահատիկի և յուղային սերմերի ներմուծման միակողմանի արգելքի վերացման դիմաց կառույցը վնասներ կրած ֆերմերներին խոստացել է «բացառիկ» պաշտպանական միջոցներ և բազմամիլիոնանոց օգնություն: Այս մասին հայտարարել է ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, գրում է Euronews-ը։
Համաձայնագիրը վերաբերում է ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի սերմերի ներմուծմանն ու տարանցմանը, և հետագայում դրա դրույթները կարող են տարածվել սոյայի և ձիթապտղի յուղի մատակարարման վրա։
Մարտի վերջին Եվրահանձնաժողովը 56,3 միլիոն եվրո հատկացրեց Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ճգնաժամային պահուստից հինգ երկրի տուժած ֆերմերներին օգնելու համար, իսկ ապրիլի 19-ին Բրյուսելը հայտարարեց 100 միլիոն եվրոյի լրացուցիչ օգնության մասին:
Ավելի վաղ ԵՄ կառավարությունները պայմանավորվել էին ևս մեկ տարով երկարաձգել ուկրաինական բոլոր ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելը։