Զվարթնոցի թանգարանը սկզբում մեկ մուտքով, մեկ սրահով էր՝ փոքր ցուցադրությամբ՝ պատմում է 86-ից թանգարանի տնօրեն, այժմ փոխտնօրեն Գրիգորյանը: Հնագիտական պեղումների, ուսումնասիրությունների հետ 1988-ից մեկնարկել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները:
Վարդան Գրիգորյան («Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ) - Հիմա ունենք 3-4 սրահ, որ այցելուները կարողանում են դիտել բոլոր հնագիտական իրերը:
Թանգարանի շենքը վերջնական այս տեսքն ուներ արդեն 2003-ին: Առաջին հայացքից նոր տանիքը, սակայն, պարզվում է նորոգման խիստ կարիք ունի:
Վարդան Գրիգորյան - 2003-ին Լինսի հիմնադրամով կառուցվեց տանիքը, որը 2021-ին ամբողջական քամին վերցրեց և ավերեց, և մենք մեր միջոցներով վերանորոգել ենք, բայց անհրաժեշտ էր ամբողջական նորից վերականգնել: Տեսեք՝ էստեղ ինչ է կատարվել:
Թանգարանի տանիքի ամբողջական փոխարինման ծրագիր արդեն կա՝ վստահեցնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենը: Դեռ նախորդ տարի են նախագիծ-նախահաշիվ կազմել, դիմել ոլորտային նախարարությանը:
Արմեն Հովհաննիսյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն) - 22 թվականին արդեն նախարարության կողմից տրված դրամաշնորհով ամբողջությամբ վերականգնվելու է թանգարանային շենքի ամբողջ տանիքը: Գումարը 29 մլն էր, արդեն եղել է մրցույթը, կա հաղթող կազմակերպություն և գնումների ընթացակարգով մոտավորապես 24 մլն ով կվերականգնվի: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2023-ի հոկտեմբերին:
Մինչև թանգարանի տանիքի նորոգումը մեկ այլ մասշտաբային նախագիծ էլ կա: Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր. այն արդեն ԿԳՄՍ նախարարի սեղանին է:
Բաբկեն Իգիթյան (ճարտարապետ) - Գլխավոր մուտքից սկսած՝ ունենք երթևեկելի մաս, որն ասֆալտապատված է, և հետիոտնային մաս. դրանք սալիկապատված են տուֆով, որոնք շարքից դուրս են եկել, և դրանք պետք է փոխարինվեն գեղարվեստական բետոնե սալիկներով, որպեսզի իրա երկարակեցությունը կարողանա ապահովել:
Տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ է 44 մլն դրամ ներդնել, առաջնային է լուսավորության հին համակարգը նորով փոխարինելը՝ շարունակում է ճարտարապետը:
Բաբկեն Իգիթյան - Տաճարը լուսավորվում է 7 լուսարձակով, և մուտքը՝ 3 լուսարձակով: Դրանք պետք է փոխվեն «արևիկ» կոչվող լույսերով:
Եղանակի տաքացմանը զուգահեռ ավելանում են Զվարթնոց այցելությունները: Նախորդ տարվա հունվար-մարտի 3800 այցելուի համեմատ, այս տարի արդեն մոտ 6800 այցելու են ընդունել: Թանգարանի տնօրինությունը վստահ է՝ տարածքի բարեկարգումից, ենթակառուցվածքների նորոգումից հետո տուրիստների պակաս չեն ունենա: