Մոսկվան կոշտ պատասխան կտա Վարշավայում Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի տարածք Լեհաստանի իշխանությունների ներխուժմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունում նշել են, որ տեղի ունեցածը համարում են «սադրիչ գործողություն» և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում: ԱԳՆ-ն Վարշավայի իշխանություններին մեղադրել է երկրում Ռուսաստանի դիվանագիտական անշարժ գույքի նկատմամբ ոտնձգության համար:
Հաղորդվում է, որ Լեհաստանի իշխանությունները կոտրել են դռներն այն բանից հետո, երբ դեսպանատան և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դրանք: Ոստիկանների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ տարածք մուտք գործելուց հետո դպրոցի կողպեքը փոխարինվել է նորով։ Լեհաստանի իշխանությունները դպրոցի աշխատակիցներին 8 ժամից քիչ ժամանակ են տվել շենքից հեռանալու համար:
Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է, որ լեհական իշխանությունները որոշել են շենքը, որտեղ տեղակայված է դպրոցը, առգրավել հօգուտ պետության: Նշվում է, որ ռուսական կողմը, իբր, այն ապօրինի է զբաղեցրել։