Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և պրակտիկ աշխատանքում ի հայտ եկող խնդիրները վերացնելու համար Արդարադատության նախարարությունը օրնսդրական փոփոխություններ է նախաձեռնել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփուխությամբ, նախնական հաշվարկով, 10-20 տոկոսով կնվազի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:
Քրիստինե Ալեքսանյան (ՀՀ ԱՆ «Օրեսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ) - Նախատեսում ենք որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել համապատասխան վարչական մարմիններին, դրանք են՝ լեզվի բնագավառում, կրթության բնագավառում, պրոբացիայի ծառայության հետ կապված վարչական իրավախախտումները, միջուկային անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումները, հարկադիր կատարողի գործունեությանը՝ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ոստիկանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը ու պահանջները չկատարելը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն չտրամադրելը:
Ըստ նախագծի՝ այս իրավախախտումների վերաբերյալ գործերը միանգամից վարչական դատարան չեն հասնի, որոշում կայացնելու լիազորությունները կփոխանցվեն համապատասխան վարչական մարմիններին: ԲԴԽ անդամն ընդգծում է՝ նման հաջողված փորձ արդեն կա:
Երանուհի Թումանյանց (ԲԴԽ անդամ) - Էդպիսին է թե՛ միջազգային փորձը, թե՛ անգամ ՍԴ-ն ունի համապատասխան որոշում, և դատարանը կկատարի իր գործառույթը որպես դատարան: Այ եթե կողմը դժգոհ լինի այդ վարչարարությունից, որը կիրականացնի վարչական մարմինը, իհարկե, վարչական դատարանի դռները բաց են, և նա կարող է իր իրավունքները պաշտպանել վարչական դատարանում:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՍՊԱՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վարչական դատավարության օրենսգրքերում ևս փոփոխություններ են սպասվում: Օրենսդրական այս նախագծերի փաթեթը կազմվել է ԲԴԽ-ի միջնորդությամբ ու առաջարկով:
Քրիստինե Ալեքսանյան - Նախատեսվել ա, օրինակ՝ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահման դեպքում դատական սանկցիա կիրառելու հնարավորություն: Նախատեսվելու ա նոր ապացույցի տեսակ՝ մասնագետի բացատրությունը:
Ըստ այս փոփոխության՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ որևէ կողմի միջնորդությամբ կկարողանա համապատասխան գիտելիքներ ունեցող անձի ներգրավել գործընթացում, որը առանց նախնական հետազոտություններ իրականացնելու բացատրություն կտա: Առաջարկվող փոփոխությունների մի մասը դեռ 2018-ին ներառվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Երանուհի Թումանյանց - Էդպիսի օրինակ կարգավորում է որոշակի վրիպակների ուղղման և այլնի հետ հարցերը կամ պետական տուրքի հետ կապված հարցերը, որոնք պետք է կարգավորել:
Փոփոխությունների հիմքում ընկած են նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնք նաև օրենսդրական մակարդակում ամրագրելու անհրաժեշտություն կա: Թեև առաջիկա 1 տարվա ընթացքում ԱԺ-ի հաստատմանը կներկայացվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջովին նոր օրենսգիրքը, այս փուլում նման փոփոխությունները ԲԴԽ-ն անհետաձգելի է համարում: