ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Վաղ առավոտյան Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Կիևում գործարկվել է ՀՕՊ համակարգը, 20-ից ավելի հրթիռ է խոցվել: Ավելի ուշ Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը քաղաքացիական շինություններ է թիրախավորել է Ումանում և Դնեպրում:
Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Ումանում շուրջ 10 բազմահարկ շենք է վնասվել, առնվազն 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
ԲԱԽՄՈՒՏԸ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՎԵՐՎԵԼ Է
Բախմուտը ռազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջովին ավերվել է՝ հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգի Չերևատին:
«Այն գրեթե անմարդաբնակ է։ Մնացել են փոքրաթիվ խաղաղ բնակիչներ, որոնք հրաժարվում են հեռանալուց։ Մարտերի պատճառով նրանց տարհանումը բարդանում է»,- նշել է պաշտոնյան:
Բախմուտում այժմ ամենակատաղի մարտերն են, ռուսական կողմը պնդում է, որ վերահսկողություն է հաստատել քաղաքի մեծ մասի նկատմամբ:
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ՇՓՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Ռուսաստանը բարձրացնում է Ղրղզստանում և Տաջիկստանում իր ռազմաբազաների մարտական պատրաստականության մակարդակը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուն նշել է՝ այսպիսով Մոսկվան արձագանքում է Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայությունը վերականգնելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների փորձերին։ Պաշտոնյայի խոսքով՝ դա անմիջական սպառնալիք է Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանի կայունությանը:
Վերջին շրջանում Արևմուտքն ակտիվացրել է շփումները Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Փետրվարին Էնթոնի Բլինքենը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ այցելել է Ղազախստան և Ուզբեկստան՝ ընդլայնելու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները:
ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է օգնելու Ղազախստանին՝ նվազագույնի հասցնելու երկրի համար հակառուսական պատժամիջոցների տնտեսական հետևանքները։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԿՑԻԱ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Իսրայելում դատական համակարգի փոփոխությունների կողմնակիցները երկար ընդմիջումից հետո առաջին անգամ զանգվածային ակցիա են անցկացրել, աջակցություն հայտնել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Jerusalem Post-ի տվյալով՝ Երուսաղեմում փողոց է դուրս եկել շուրջ 200 հազար մարդ։ Ակցիան անցկացվել է խորհրդարանի շենքի դիմաց, ցուցարարների շարքում եղել են կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկրի արդարադատության նախարար Յարիվ Լևինը, որն էլ հենց նախաձեռնել է դատական փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։
Օրերս բողոքի ակցիաներ էին անցկացրել նաև դատաիրավական փոփոխությունների հակառակորդները՝ չնայած Նեթանյահուի հայտարարությանը, որ փոփոխությունների հաստատումը կասեցվում է առնվազն մինչև ամառ։ Թել Ավիվում Իսրայելի անկախության օրվան ընդառաջ ավելի քան 120.000 քաղաքացի էր դուրս եկել փողոց, հակակառավարական կոչեր հնչեցրել, պահանջել չեղարկել փոփոխությունները, որոնցով, ըստ ցուցարարների, Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը:
ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ՝ ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հակասական լուրեր են տարածվել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առողջական վիճակի մասին: Որոշ սերբական լրատվամիջոցներ գրել են, թե նա երեկ երեկոյան բժշկական օգնություն է խնդրել, սակայն չի դիմել Ռազմաբժշկական ակադեմիա, որի ծառայություններից նման դեպքերում սովորաբար օգտվում է։
Ավելի վաղ Վուչիչը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ իր առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նա հայտնել է, որ այսօր պատրաստվում է Սերբիայով շրջագայություն կազմակերպելու:
2019 թվականին Սերբիայի նախագահը հոսպիտալացվել էր սրտանոթային հիվանդության պատճառով։