ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ աշխարհում մեծանում է հակամարտությունների հավանականությունը:
«Այս բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների սահմաններին ստեղծված իրավիճակի վրա»,- նշել է պաշտոնյան կազմակերպության միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա նաև հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակասությունների պատճառով։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Օրվա ընթացքում Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել: Առավոտյան Կիևում գործարկվել է ՀՕՊ համակարգը, 20-ից ավելի հրթիռ է խոցվել: Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը քաղաքացիական շինություններ է թիրախավորել Ումանում և Դնեպրում:
Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Ումանում շուրջ 10 բազմահարկ շենք է վնասվել, առնվազն 21 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժածներ կան նաև Կիևի մերձակայքում գտնվող բնակավայրերում:
ՌԴ-Ն ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է 129 ՄԼՆ ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիների` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ նրանց իրավունքները խախտելու համար։ Որոշումը վերաբերում է խաղաղ բնակիչների սպանության, խոշտանգման, կամայական կալանքների, տեղահանման դեպքերին։
«Ռուսական կողմը նաև խանգարել է վրացիների` իրենց տներ վերադարձին», - ասված է դատարանի որոշման մեջ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական բանակն արդեն մեծ հաշվով պատրաստ է հակահարձակման։ Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ այժմ համապատասխան որոշումը պետք է կայացնի երկրի Գլխավոր շտաբը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները դեռ շարունակում են արևմտյան ռազմատեխնիկայի կիրառման դասընթացները։
«Մենք մեծ թվով տարբեր տեսակի զրահատեխնիկա ունենք: Հակահարձակման նախապատրաստական փուլն, ընդհանուր առմամբ, ավարտին է մոտենում: Կարևոր են նաև եղանակային պայմանները», - հավելել է Ռեզնիկովը:
Պաշտպանության նախարարը նաև հավատացրել է, որ մարտի դաշտից ամեն օր լավ նորություններ են ստացվում՝ հաշվի առնելով, որ ուկրաինական կողմն արդեն 8 ամիս է՝ պահում է Բախմուտը և թույլ չի տալիս ռուսական ուժերին ամբողջական վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:
Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավոր վերսկսման մասին՝ Ռեզնիկովն ընդգծել է՝ Ռուսաստանի ներկայիս իշխանության հետ Կիևը չի խոսի:
«Բանակցություններ դեռ կլինեն, սակայն դրանք կլինեն Մոսկվայի կապիտուլյացիայի և մեր երկրի կրած վնասների փոխհատուցման մասին», - շեշտել է նախարարը։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ՇՓՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Իրանը պատրաստ է ընդլայնել ներգրավվածությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ ռազմածովային զորավարժություններում, Նյու Դելիում կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին:
ՌԴ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան բարձրացնում է Ղրղզստանում և Տաջիկստանում իր ռազմաբազաների մարտական պատրաստականության մակարդակը: Սերգեյ Շոյգուն նշել է՝ այսպիսով Մոսկվան արձագանքում է Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայությունը վերականգնելու՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների փորձերին։
Վերջին շրջանում Արևմուտքն ակտիվացրել է շփումները Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Փետրվարին Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ այցելել է Ղազախստան և Ուզբեկստան՝ ընդլայնելու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
Մոսկվան և Անկարան մշակում են Rebit kart վճարային համակարգը, որի միջոցով ռուս զբոսաշրջիկները կկարողանան վճարումներ կատարել հանրապետության տարածքում, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռեջեփ Էրդողանի վարչակազմին: Նշվում է, որ նման համաձայնություն է ձեռք բերվել օրերս Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Կողմերը պատրաստվում են նաև ավելացնել երկրների միջև չվերթների քանակը, պայմանավորվածության կյանքի կոչման ժամկետներ չեն նշվում:
Ըստ լրատվամիջոցների՝ Մոսկվան մտադիր է Թուրքիա զեղչված գներով շինարարական նյութեր մատակարարել՝ օգնելու հանրապետությանը հաղթահարել երկրաշարժի հետևանքները:
Էրդողանն էլ Պուտինին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված՝ հացահատիկի գործարքը։ Լրատվամիջոցների տվյալով՝ այս հարցը առաջիկա օրերին կքննարկվի, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։