Քաղաքացիական հասարակության, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ քննարկեցին տեղեկատվության ոլորտի զարգացման նպատակով մշակվող հայեցակարգը: Դեռ նախորդ տարի՝ նույն ոլորտին վերաբերող մի շարք խնդրահարույց օրենսդրական փոփոխություններից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առանց լրագրողական կազմակերպությունների, առանց լրագրողական լայն հանրության հետ քննարկելու որևէ լուրջ վերանայում չպետք է իրականացվի զանգվածային լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրության մեջ:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Դրա վերաբերյալ մի հուշագիր մենք ստորագրեցինք մոտավորապես մեկ տարի առաջ, որով երեք կողմերը պարտավորվեցին համագործակցել և ստեղծել ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, և այդ հայեցակարգի հիմնարար սկզբունքների հիման վրա նոր բարեփոխել բուն օրենքները:
Հայեցակարգի առաջին գլուխները արդեն գրված են: Դրանք, մասնավորապես, վերաբերում են «լրատվամիջոց» և «լրագրող» հասկացություններին՝ համահունչ ժամանակին, մանավանդ՝ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում: Գործող օրենքները, Մելիքյանի խոսքով, այդ կարգավորումները կամ չունեն, կամ եթե ունեն էլ, շատ հնացած են ու խոցելի:
Հայեցակարգով սահմանվում է, որ «լրագրող» կամ «լրատվամիջոց» համարվելու համար անհրաժեշտ է ապահովել առնվազն երեք բաղադրիչ:
Առաջինը՝ պետք է լինի խմբագիր, խմբագրակազմ կամ խմբագրական կոլեգիա, որը պատասխանատվություն կվերցնի տվյալ լրատվամիջոցի կամ հարթակի գործունեության, դրա ստեղծած բովանդակության համար:
Երկրորդը՝ լրատվամիջոցը պետք է ներգրավված լինի ինքնակարգավորման որևէ համակարգի մեջ, այսինքն՝ ստորագրի և միանա մասնագիտական էթիկայի ընդհանուր կանոնագրին կամ ունենա էթիկայի ներքին կանոնները:
Աշոտ Մելիքյան - Եթե լրատվամիջոցը չի ընդունում այդ էթիկական նորմերը, ուրեմն` ինքն ավելի շատ ինքնարտահայտման միջոց է, քան լրատվամիջոց հանրության համար:
Երրորդ բաղադրիչը զանգվածային լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունն է:
Աշոտ Մելիքյան - Շատ կարևոր է և անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը իր լսարանի հետ ազնիվ խաղի կանոններով գործի և չթաքցնի, թե որտեղից է ֆինանսավորվում և ինչ քաղաքական շահեր է սպասարկում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` եռակողմ հուշագրի ստորագրումը որոշակիորեն նպաստել է միջազգային գործընկերների դրական գնահատականների ձևավորմանը:
Սիսակ Գաբրիելյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Դրա արդյունքում էլ Հայաստանը այսօր բավականին բարձր դիրքեր է զբաղեցնում խոսքի ազատության, մամուլի ազատության ամենատարբեր ինդեքսներում:
Սիսակ Գաբրիելյանը նշեց՝ քաղհասարակությունը, Կառավարությունն ու Ազգային ժողովը ներկայացրել են հայեցակարգի աշխատանքային իրենց տարբերակները:
Սիսակ Գաբրիելյան - Երեքի վերջնարդյունքը նույնն է: Այսինքն՝ մենք բոլորս՝ էս երեք կողմերս, մեր հայեցակարգի աշխատանքային տարբերակներով ուզում ենք վերջնարդյունքում տեսնել ինքնակարգավորված, բայց պետությունից անկախ, ազատ և պաշտպանված մամուլ:
Նպատակին հասնելու ճանապարհների մասին պատկերացումները տարբեր են: Ընդհանուր հայտարարի կգան այս և հետագա քննարկումների միջոցով: Արդյունքում երեքի համադրմամբ կստեղծվի մեկ պաշտոնական հայեցակարգ:
Սիսակ Գաբրիելյան - Դրանից հետո արդեն օրենսդրական նախաձեռնությունը, կարծում եմ, շատ ավելի արագ կընթանա, որովհետև հիմնական խնդիրը այս հայեցակարգի մշակումն է, թե ինչպես ենք մենք ուզում տեսնել ՀՀ-ում մամուլը և ինչպես ենք դրան հասնելու:
Գաբրիելյանը հիշեցնում է՝ կառավարությունը դեռ հուշագրի ստորագրումից առաջ պարտավորվել է, որ մինչև 2026 թվականը պետք է գործարկի այս մեխանիզմը:
Հեղինակ` Աննա Զախարյան