Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5.5 տոկոսով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ապրիլի կանխատեսումն է: Ընդ որում՝ մեր երկրի համար աճի կանխատեսված տեմպն ավելի բարձր է, քան մեր հարևաններինը և ԵԱՏՄ երկրներինը:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Դրական եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանը, ունենալով բավականին ռիսկեր այս պահին՝ հակամարտություն Ադրբեջանի հետ, այդ ռիսկերը փաստորեն չեն գեներացվում տնտեսության մեջ:
Համաշխարհային տնտեսության համար միջազգային կառույցը կանխատեսում է 2.8 տոկոս աճ: Հիմնականում զարգացած երկրներում է ակնկալում աճի դանդաղում: Հունվարին արված կանխատեսման համեմատ այժմ 0.1 տոկոս իջեցվել են այս տարվա համաշխարհային տնտեսության աճի սպասումները, պատճառը՝ նոր մարտահրավերներն են, օրինակ՝ ԱՄՆ բանկային համակարգի խնդիրները:
Լևոն Բարխուդարյան (ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ) - Երբեք այս փաստաթուղթը ԱՄՀ-ի այսքան ներծծված չի եղել գեոքաղաքական զարգացումներով և այլն՝ պատերազմը կավարտվի՞, չի՞ ավարտվի, սանկցիաները կավարտվե՞ն, չէ՞, բոլոր թվերը նաև ենթակա են էս տիպի գործոնների ազդեցության, որը բնական է: Ինչ վերաբերում է Հայաստանին, եթե ամեն ինչ լինի անփոփոխ, և խաղաղություն լինի, նույնիսկ առանց համաձայնագրի, կարծում եմ, որ 5.5 տոկոս հաստատ կլինի, նույնիսկ կհասնենք մինչև 7 տոկոսի և այլն: Եթե համաձայնագիր լինի, ճանապարհներ բացվեն, անշուշտ աճն ավելի մեծ կլինի:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատում է՝ նախորդ տարի ևս միջազգային կառույցները պահպանողական կանխատեսումներ էին արել, սակայն ընթացքը էականորեն տարբերվեց: Միևնույն ժամանակ Բագրատյանը ներկա պայմաններում մեր երկրի համար կանխատեսվող աճի տեմպը դրական է համարում:
Սերգեյ Բագրատյան - Հայաստանը գրեթե կրկնակի ավելի զարգացում ունի, քան համաշխարհային տնտեսության միջին զարգացումը, այսինքն՝ 2.8 տոկոս էդտեղ ա, Հայաստանը 5.5 տոկոս է կանխատեսվում, այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրները՝ Վրաստանը՝ 4 տոկոս, Ադրբեջանը՝ 3 տոկոս, Թուրքիան՝ 2.7 տոկոս, Իրանը՝ 2 տոկոս:
ԵԱՏՄ երկրներից՝ Ղազախստանում՝ 4.3, Ղրղզստանում՝ 3.5 տոկոս, իսկ Ռուսաստանում և Բելառուսում կանխատեսվում է 0.7 տոկոս աճ:
Լևոն Բարխուդարյան - Օրինակ՝ Ռուսաստանում -2.1 տոկոս անկումը, իմ կարծիքով, նույնիսկ ավելի բարձր է, ուղեկցվում է 0.7 տոկոս աճով այս տարի, Ուկրաինայում ՀՆԱ-ն նվազել է 30 տոկոսով, այս տարի ընդամենը կնվազի 3 տոկոսով: Սա չի նշանակում, որ պատերազմը կշարունակվի ավելի դաժան ձևով, ուրեմն կա ինչ-որ կանխատեսում, որ մի օր կդադարի, որ մի օր կկնքեն խաղաղության պայմանագիր, և սանկցիաները կվերանան, այլապես ինչպես պետք է Ռուսաստանը դրական աճ ապահովի ավելի ու ավելի խստացող սանկցիաների, ռազմական գործողությունների արդյունքում:
Արժույթի միջազգային հիմնադրամը նաև 2024-ի համար է կանխատեսում արել՝ Հայաստանում 5 տոկոս տնտեսական աճ ակնկալելով:
Նիկոլայ Ավետիսյան