Երևանի գրեթե բոլոր անկյուններից տեսանելի հատվածում 50 մետր բարձրությամբ «Պտտվող անիվ» ատրակցիոնը կառուցվելուց միայն ամիսներ անց գրավեց քաղաքային իշխանության ուշադրությունը: Պարզվեց՝ շինությունն ապօրինի է: Որոշ ժամանակ չշահագործվելուց հետո անիվը փետրվարից սկսեց պտույտներ իրականացնել՝ վստահեցնելով, որ գործարկումն անվտանգ է: Դրանից 2 ամիս անց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը զբոսայգում «Ուրախ ժամանց» ընկերության կողմից շահագործվող «Մեծ անիվ» ատրակցիոնի նկատմամբ հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացրեց ու տվյալ ատրակցիոնի շահագործումն արգելող կարգադրագիր ուղարկեց:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Արձանագրել ենք՝ ատրակցիոնը շահագործվում է որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ առանց համապատասխան տեխնիկական փորձաքննության ու դրական եզրակացության, իսկ համաձայն օրենքի՝ տվյալ տիպի ատրակցիոնները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ ու տարին առնվազն մեկ անգամ պետք է անցնեն փորձաքննություն ու նոր միայն դրական եզրակացությունից հետ շահագործվեն: Ավելին, դրական եզրակացությունից հետո պետք է հաշվառվեն ԱԻՆ վարվող համապատասխան գրանցամատյանում՝ ռեեստրում, ու նոր միայն շահագործվեն:
«Ուրախ ժամանց» ընկերության տնօրենը պնդում է՝ իրենք տեսչական մարմնից կասեցման ոչ մի փաստաթուղթ չեն ստացել:
Վահրամ Ներսեսյան («Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն) - Տեսչականից էդպիսի բան չի եկել:
Ելենա Զոհրաբյանը վստահեցնում է՝ շահագործման արգելման կարգադրագիրը ընկերությունը ստացել է, փաստաթուղթը ծանուցումների պաշտոնական կայքում դրված է, ինչը փաստում է՝ իրենք համարվում են պատշաճ ծանուցված և տեղեկացված: Ավելին, արդեն հարուցվել է վարչական վարույթ՝ առանց շահագործման փորձաքննության դրական եզրակացության անիվը աշխատեցնելու համար: Տուգանքը 1 մլն դրամ է:
Ելենա Զոհրաբյան - Եթե տեսչականի կողմից արձանագրվի, որ շահագործման արգելման կարգադրագիրը ստանալուց հետո նորից շարունակվում է շահագործվել, դա իրենից ենթադրում է կրկնակի տուգանք: Երրորդ անգամ եթե շահագործվի, կրկնապատկվում է 4 մլն դրամ:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ «Ուրախ ժամանց» ընկերությունը առանց թույլտվության որոշել է կառուցել հսկա անիվը, երբ 2021 թ. հունիսի 4-ին քաղաքապետարանը ընկերությանը տրամադրել է միայն նախագծման թույլտվություն: Տնօրենը պարզաբանում է.
Վահրամ Ներսեսյան - Քանի որ մենք ՌԴ-ի ընկերության հետ ունեինք պայմանագիր, մենք դիմել էինք քաղաքապետարան շինթույլտվության համար: Քանի որ ժամկետները մեզ նեղում էին, տուգանքներ կգային, իրանք էկել էին, իրանց ամբողջ ծախսերը մեր վրա էր, մենք կասկած չունեինք, որ շինթույլտվություն չլիներ, երբ որ նախագիծը հաստատված ա, չէինք մտածում, մենք զուգահեռաբար սկսեցինք շինարարությունը, որ հասցնենք, ու մայիսից սկսեցինք հավաքման աշխատանքները:
Քաղաքապետարանն այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց հրաժարվեց: Միայն հայտնի է, որ անիվը շահագործվում է առանց քաղաքային իշխանության շինարարական թույլտվության անգամ: Իսկ ինչու կարուսելը չունի գործարկման համար անհրաժեշտ դրական եզրակացություն, ու այդ դեպքում արդյոք վտանգավոր չէ դրա շահագործումը, փորձեցինք ճշտել պատասխանատու մարմնից՝ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից: Թեև անիվը գործարկվել է առանց փորձաքննության դրական եզրակացության, ԱԻՆ պաշտոնյան նշեց, այն անվտանգ են համարում, դրական եզրակացությունն արդեն պատրաստ է՝ կհանձնեն շահագործողին:
Վարդան Գևորգյան (ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Ես ուզում եմ, որ էդ արտադրական վտանգավորություն ունեցող օբյեկտը աշխատի, որովհետև մեծ ներդրում է արվել: Փաստը փաստ ա, որ մինչև հիմա դա կա, գոյություն ունի, ու դրան ընթացք տալ ա պետք: Արել ենք նախագիծ փորձաքննություն, վկայագիր և գործարկում, ավարտելով՝ 3 փուլը կգրանցվի ռեեստրում ու կսկսի շահագործվել, արդեն ինչ խախտումներ կան՝ թող ամեն պատկան մարմին գնա, իր համապատասխան արձանագրումը անի:
Մասնագետի հավաստմամբ՝ կարուսելն անվտանգ է, բայց բաց է մնում առանց շինթույլտվություն ունենալու կառույցը տեղադրելու հարցը: Ապամոնտաժել այն, թե՝ ոչ՝ քաղաքային իշխանության որոշելիքն է: Նոր անիվի փաստաթղթային խնդիրներից ու հետագա ճակատագրից անկախ, մի քանի տասնյակ տարի ծառայած հին ատրակցիոնը ենթակա է ապամոնտաժման ու առաջիկայում կհեռացվի այգուց: