Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում են նույն օրը հանրահավաքներ անցկացնել Ստամբուլում, բայց տարբեր թաղամասերում։ Այս մասին ուրբաթ հայտնել է Haberler լրատվականը։
Պարբերականի տվյալներով՝ երկրի խոշորագույն մեգապոլիսում հանրահավաքները տեղի կունենան մայիսի 14-ին նշանակված ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Էրդողանը նախատեսել է իր աջակիցների առջև ելույթ ունենալ Աթաթուրքի անունը կրող նախկին օդանավակայանի տարածքում գտնվող ազգային այգում, իսկ Քըլըչդարօղլուն՝ Մալթեփեի Օրհանգազի զբոսայգում։
ԿԸՀ-ն հայտնում է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի: