Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտապես աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
Լևոն Բալյանն ընդգծելով համագործակցության արդյունքները՝ հատկապես կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը նվիրված նախորդ ծրագրի արդյունավետությունը, նշելով, որ մեկնարկող ծրագիրն ընդգրկելու է առավել լայն ոլորտներ:
Կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերը Հայաստանի իրավական համակարգում՝ նախարարի տեղակալն արձանագրել է, որ չնայած արդեն իսկ ձեռնարկված քայլերին՝ դեռևս առկա են որոշ խնդիրներ դրանց արդյունավետ կատարումն ապահովելու առումով: Լևոն Բալյանը նշել է, որ մեկնարկող փուլում ակնկալվում է շարունակել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարության մասով շեշտը դնելով կատարողական վարույթների վերաբերյալ օրենսդրության բարելավման, կատարողական վարույթների իրականացման ժամկետների կրճատման, հարկադիր կատարողների կարողությունների զարգացման և այլ հարցերի վրա:
Ամփոփելով խոսքը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցելու ինչպես Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների, այնպես էլ ծրագրի շահառուների հետ՝ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: