Աֆղանստանի արմատական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացել են հարևան հանրապետություններում, ուրբաթ Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն։
«Կենտրոնասիական տարածաշրջանում իրավիճակը հետագա սրման նախադրյալներ ունի: Հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանում հիմնավորված բազմաթիվ արմատական ծայրահեղական խմբավորումներից, որոնք հարևան հանրապետություններում ակտիվացրել են իրենց գաղափարներն առաջ մղելու գործողությունները»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ «մեծանում է տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավազակախմբերի ներթափանցման հավանականությունը, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան», Ուզբեկստանի իսլամական շարժումը և Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը։
Նա կոչ է արել հստակ համակարգել և ուժեղացնել ջանքերն ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում, միջոցներ մշակել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։