Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել սահմանադրության նախագիծը: Գործադիրն առաջարկում է նախագահական կառավարման համակարգից անցնել կիսանախագահականի: Եթե գործող համակարգով կառավարության պատասխանատուն հանրապետության նախագահն է, ապա այս նախագծով գործադիր իշխանությունը համակարգում է վարչապետը:
Ժիրայր Միրզոյան (Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - Հանրապետության նախագահը պետության գլուխն է, պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Վարչապետը ղեկավարում և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Գործադիրի նիստերը հրավիրում և վարում է վարչապետը, սակայն դրանք հրավիրելու և վարելու իրավունք վերապահված է նաև նախագահին:
Նախագծով հանրապետության նախագահը խորհրդարանի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը: Ազգային ժողովը այն քննարկում է հնգօրյա ժամկետում:
Ժիրայր Միրզոյան - Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ Հանրապետության նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է Կառավարության մյուս անդամներին:
Սահմանադրության սահմանված կարգով ազգային ժողովը հավանություն է տալիս Կառավարության գործունեության ծրագրին:
Մարտի 15-ին Արցախի խորհրդարանը կողմ էր քվեարկել ռազմական դրության պայմաններում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրությունը խորհրդարանին վերապահելու հարցին: Այս դրույթն ուղարկվել է գերագույն դատարան՝ քննարկման:
Ժիրայր Միրզոյանը հայտարարեց՝ այս գործընթացը կապ չունի նախորդի հետ: Սահմանադրական փոփոխությունների այս փաթեթը պետք է ներկայացվի համաժողովրդական հանրաքվեի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: