Հակարիի կամրջին անցակետի տեղադրումը հակասում է Երևանի ու Բաքվի միջև զինադարարի համաձանություններին, հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, որ երեկվանից տարածաշրջանային այցով Հայաստանում է: Եվրոպական ազդեցիկ պետության գլխավոր դիվանագետը, մինչև Երևան գալը, նախ Բաքվում է եղել, թե այնտեղ, թե այստեղ Ադրբեջանին հասցեական կոչ արել՝ վերականգնել անարգել տեղաշարժը՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, նաև Արդարադատության միջազգային դատարանի վճռի:
«Խաղաղություն՝ նշանակում է հարգել ու պաշտպանել մարդու իրավունքները»,- ասաց Կատրին Կոլոննան, նկատեց՝ շրջափակումը ձգվում է արդեն մի քանի ամիս, դա անընդունելի է և մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:
Կատրին Կոլոննա (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար) - Արդար ու կայուն խաղաղությունը հիմնվում է վեճերի խաղաղ կարգավորման ու հանձնառությունները հարգելու վրա: Պարոն նախարար, վստահաբար նկատել եք՝ Բաքվում մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու երևույթը հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձանություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, այդ հարցին մոտենալու համար կան մի շարք այլ միջոցներ, բայց ոչ միակողմանի քայլեր:
Միրզոյանի հետ նախ` փակ հանդիպումներին, ապա դրանց հաջորդած ասուլիսում Կոլոնան վստահեցրեց՝ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստան - Ադրբեջան բանակցություններին, ու դա անում է ԵՄ գործընկերների, նաև Միացյալ նահանգների հետ համատեղ: Ըստ նրա՝ Երևան- Բաքու բանակցությունները պետք է ընդլայնել, համոզված է՝ առաջընթացը հնարավոր է:
«Լուրերը», սակայն, ֆրանսիացի դիվանագետին հիշեցրեց, որ ի հեճուկս միջազգային հանրության արդեն մի քանի ամիս հնչող կոչերի, նաև Արդարադատության միջազգային դատարանի վճռի` Բաքուն չի գնում ապաշրջափակման, ավելին՝ պաշտոնապես ապօրինի անցակետ է տեղադրում: Հարցրեցինք՝ ինչ գործնական քայլեր կարող է կիրառել Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ` Ադրբեջանի վարքագծի վրա ազդելու ու Արցախում էթնիկ զտումը կանխելու համար:
Կատրին Կոլոննա - Ձեր հարցը այն մասին էր, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը, իմ պատասխանն է. այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև գործել, աջակցել ամենահասուն գործընթացը, որը գոյություն ունի այս պահին, այն է՝ հանդիպումներ երկու կողմերի միջև նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր. դրա վրա աշխատում ենք:
Ֆրանսիացի դիվանագետի համոզմամբ՝ պետք է հիմնվել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, նա տեղեկացրեց՝ գուցե հնարավոր լինի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել հունիսին Քիշնևում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես դա տեղի ունեցավ Չեխիայում:
Կարգավորման գործընթացում կարևորելով Ֆրանսիայի, նաև նախագահ Մակրոնի ներգրավվածությունը՝ Միրզոյանն ընդգծեց ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հրամայականը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականը՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Կարևոր է միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ֆորմատի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը: Մենք անկեղծորեն ակնկալում ենք Ֆրանսիայի շարունակական ամուր ներգրավվածությունը և ջանքերը վերոնշյալ հարցերում:
Նախարարն անդրադարձավ նաև երեկ Ադրբեջանում Բայրամովի հնչեցրած մտքին, թե Բաքուն Երևանին առաջարկել է զուգահեռ հսկողություն իրականացնել Լաչինի մուտքի մոտ, բայց հայկական կողմը մերժել է: Լաչինի միջանցքի կարգավորումը հայտնի է բոլորին, նկատեց Միրզոյանը` մատնանշելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նա ասաց՝ ճանապարհին նոր կարգավորում տալու բանակցություններում Հայաստանը չի ներգրավվել, չի էլ պատրաստվում:
Արարատ Միրզոյան - Մնացած ամեն ինչ, որ վերաբերում է և կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի ֆորմատում:
Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կետերն էլ՝ հրաժարվելով վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, նաև իր գործողություններով հակասում է Պրահայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ շարունակելով Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, նշեց Միրզոյանը:
Խոսելով արդեն անվտանգային խնդիրներից` ֆրանսիացի պաշտոնյան էլ ընդգծեց.
Կատրին Կոլոննա - Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ուժային գործողություններից, ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ, որ չհարգվի մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը: Նույնը կասեինք նաև, եթե դուք առաջխաղացում ունենայինք Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ երկու կողմերն առաջ գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից:
Ֆրանսիացի լրագրողն էլ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արևմուտքի, թե ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին է դրական տրամադրված Հայաստանը: Նախարարը կարճ արձագանքեց՝ խաղաղության գործընթացը մեկն է, ու Երևանը հարթակների միջև տարբերություն չի դնում: